Կատալոնիայի նախագահը հետաձգեց անկախության հռչակումը

Կատալոնիայի նախագահ Կարլես Պուջդեմոնը ելույթ է ունենում խորհրդարանի առջև, Բարսելոնա, 10-ը հոկտեմբերի, 2017թ.

«Կատալոնիան նվաճել է անկախ պետություն լինելու իրավունքը, սակայն անհրաժեշտ է անկախության հռչակումը մի քանի շաբաթով հետաձգել՝ Մադրիդի հետ երկխոսություն սկսելու և տարաձայնությունները հարթելու համար»,- այսօր երեկոյան խորհրդարանում հայտարարեց երկրամասի նախագահ Կարլես Պուջդեմոնը:

«Մենք բոլորս միևնույն համայնքի ներկայացուցիչներ ենք և պետք է միասին առաջ շարժվենք: Մենք չենք կարող համակարծիք լինել բոլոր հարցերում, սակայն մեկ անգամ չէ, որ ապացուցել ենք՝ առաջ շարժվելու հնարավոր միակ տարբերակը ժողովրդավարությունն է և խաղաղությունը, իսկ դրանց հնարավոր է հասնել միայն երկխոսությամբ»,- հայտարարեց Պուջդեմոնը:

Խստիվ քննադատելով Իսպանիայի իշխանությունների կոշտ արձագանքն ու ոստիկանության բիրտ ճնշումները, որոնց հետևանքով հարյուրավոր մարդիկ էին տուժել, կատալոնացիների առաջնորդը միաժամանակ հայտարարեց՝ զերծ է մնալու վիրավորանքներից ու սպառնալիքներից և փորձելու է հարթել տարաձայնությունները Մադրիդի հետ:

Վճռորոշ ելույթից առաջ հրապարակվել էին հոկտեմբերի 1-ին կայացած հանրաքվեի վերջնական արդյունքները, ըստ որոնց` քվեարկության մասնակիցների ավելի քան 90 տոկոսը արտահայտվել էր անկախության օգտին: Մինչև վերջին պահն անհայտ էր՝ արդյոք Պուջդեմոնը կանի վերջին քայլն ու կհայտարարի Մադրիդից անջատվելու մասին:

Մանրամասները տե՛ս այստեղ