2017 թվականի Նոբելյան Խաղաղության մրցանակը Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն շնորհել է Միջուկային զենքի արգելման միջազգային արշավին:
Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն այսօր Օսլոյում հայտարարել է, որ միջուկային զենքը գոյություն ունեցող զինատեսակներից առավել ավերիչն է, միջուկային զենքի չտարածման ջանքերի հետ մեկտեղ անհրաժեշտ է պայքար մղել միջուկային զենքն ընդհանրապես արգելելու համար:
«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ միջուկային զենքի օգտագործման վտանգը հրատապ է առավել, քան երբևէ», - ասել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի ղեկավար Բերիտ Ռեյս-Անդերսենը:
Նրա փոխանցմամբ, կոմիտեն այսօրվա որոշմամբ ուղերձ է հղում բոլոր երկրներին, նախևառաջ՝ միջուկային տերություններին, քանի որ միջուկային զենք ունեցող և չունեցող պետությունները տարբեր կարգավիճակներում են:
«Մենք նկատել ենք տալիս, որ այդ զենքն ունեցող երկրներն էլ պետք է հեռանկարում հրաժարվեն դրանից», - ասել է Անդերսենը:
ICAN հապավումով հայտնի Միջուկային զենքի արգելման միջազգային արշավը (International Campaign to Abolish Nuclear Weapons) միջազգային հանրային դաշինք է: Այն ստեղծվել է 2007 թվականին և ավելի քան 100 երկրներում ունի մոտ 470 գործընկեր-կազմակերպություններ: Արշավի թիրախը միջուկային զենքն է:
Այս տարվանից ICAN -ը առաջ է տանում Միջուկային զենքի համապարփակ արգելման պայմանագիրն իրականացնելու գաղափարը: Պայմանագիրը ՄԱԿ-ի նախաձեռնությունն է և ստորագրվել է 2017 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում:
Խաղաղության Նոբելյան մրցանակը միակ անվանակարգն է, որի հաղթողին չի ընտրում Շվեդիայի Գիտությունների արքայական ակադեմիան: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն, այդ անվանակարգում դափնեկիր ընտրելու իրավունքը վերապահվել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեին:
Նոբելյան Խաղաղության մրցանակը շնորհելու հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ամեն տարվա դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: