ԱԺ-ում բուռն մթնոլորտում քննարկվեց հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծման համաձայնագիրը

Համաձայնագրի ամենաանհաշտ ընդդիմախոսները «Ելք» խմբակցության պատգամավորներն էին:

Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «տարածաշրջանի ամենաուժեղ բանակը Սերժ Սարգսյանը վերածեց տարածաշրջանի ամենաուժեղ թղթապանակի»․ - «Հայաստանի իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, արձանագրում է, որ ինքը տանուլ է տվել Ադրբեջանի հետ ռազմական բալանսը: Տանուլ է տվել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի աջակցությամբ և միջամտությամբ: Ընդհանրապես մենք տանուլ ենք տվել մեր անվտանգության փիլիսոփայությունը»:

Կողմերի անվտանգությունն ապահովելու համար ստեղծվող միացյալ խմբավորումը, ինչպես հայտարարեցին Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը, արդեն 15 տարի գործում է Հայաստանում։

«Գոյություն ունի իրավական հիմք, պայմանագրեր, այդ թվում նաև՝ ոչ հրապարակման ենթակա: Սա միջազգային պրակտիկայում գաղտնիք չի: Հիմա մենք քննարկում ենք արդեն պայմանագիր, որը ստեղծում է իրավապայմանագրային բազա», - ասաց Արտակ Զաքարյանը:

Համաձայնագրում նշվում է, որ «հաշվի առնելով հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում Կողմերի տարածքների առանձնացվածությունը և դրանց սահմաններում լուծվող օպերատիվ-ռազմավարական խնդիրների ծավալը», անհրաժեշտ է ստեղծել զինված ուժերի միացյալ խմբավորում, որը կպաշտպանի կողմերի քաղաքացիներին և հասարակությանը արտաքին և ներքին ռազմական սպառնալիքներից։

Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նահապետյանը ընդգծեց, որ Հայաստանի պաշտպանական համակարգը ի վիճակի է լուծելու իր խնդիրները։ Միաժամանակ պարզաբանեց, որ համաձայնագրի վավերացման դեպքում Հայաստանը կօգտվի ռուսական զինուժի այն զինատեսակներից, որոնք կարող են կիրառվել համատեղ նշանակության խնդիրներ լուծելու դեպքում․ - «Երկկողմ համաձայնագրի շրջանակներում մենք ավելացնելու ենք մեր հնարավորությունները: Ուզում եմ հատուկ շեշտել, որ այս համաձայնագիրը երկկողմ համաձայնագիր է, այն բազմակողմ չէ, և առանձին գործընկերներ խոսում էին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին, որը միջազգային կազմակերպություն է, և Հայաստանը, ի թիվս հինգ այլ պետությունների, անդամակցում է այս կազմակերպությանը: Այս համաձայնագրի շրջանակում մենք բազմակողմ խնդիրներ չենք քննարկում: Խոսքը վերաբերում է երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցությանը միացյալ խմբավորման կազմավորման և գործունեության մասին»:

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, իր հերթին, հայտարարեց, թե «միացյալ խմբավորումը կկիրառվի պետական սահմանի նկատմամբ ագրեսիայի պայմաններում»՝ ընդգծելով․ - «Խոսքը, իհարկե, քաղաքական ակցիաներին չի վերաբերվում, և տվյալ երկրի ներքաղաքական և հանրային կյանքին չի վերաբերվում: Քանի որ այսօր Մերձավոր Արևելքը ցույց է տալիս, թե ներքին ինչպիսի վտանգներ կարող են ծագել այս կամ այն պետության մեջ, բնականաբար, նաև համաձայնագրով նախատեսվում է ներքին ծագում ունեցող ռազմական սպառնալիքների դեմ համապատասխան գործողություններ՝ եթե, իհարկե, կողմերը գալիս են ընդհանուր համաձայնության այս հարցում»:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ այս համաձայնագիրը բխում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունից և դոկտրինից․ - «Այս զորախումբը գործում է դե ֆակտո: Դրա մասին նաև անցյալ տարի Հանրապետության նախագահն է հայտարարել Կիսելյովի հարցազրույցի ժամանակ, և սա որևէ գաղտնիք չի: Պետք չի զարմանալ, որ կա նման զորախումբ, որ հայ-ռուսական ուժերը պետք է միասնաբար պայքարեն անվտանգության սպառնալիքների համար: Հայաստանի Հանրապետությունը միայնակ ամբողջությամբ չի կարող իրականացնել իր պաշտպանությունը»:

Իշխող Հանրապետականի ներկայացուցիչներին բուռն արձագանքեցին «Ելքի» պատգամավորները։

Արամ Սարգսյանը հարցրեց, թե ո՞րն է այս միացյալ խմբավորման անհրաժեշտությունը․ - «Մեր էներգետիկ համակարգը ամբողջությամբ Ռուսաստանի տրամադրության տակ է, մեր տնտեսական համակարգը «Գույք պարտքի դիմացով» վաղուց տրված-անցած է, ռազմական համակարգում համաձայնություն ունենք ՀԱՊԿ-ի շրջանակներում, օդն ենք տրամադրել, կապն ենք տրամադրել: Ադրբեջանն էլ ՀԱՊԿ-ի հետ պայմանագիր չունի․․․ Հիմա սրա անհրաժեշտությունը ո՞րն է»:

Գևորգ Գորգիսյանին մտահոգում է համաձայնագրում նշված «ներքին սպառնալիք» եզրույթը։ «Ինչպես է որոշվելու, թե որն է ներքին սպառնալիքը», - հարցրեց պատգաավորը՝ հիշեցնելով 2008 թվականի մարտի 1-ի արյունալի դեպքերը․ - «Դեռ շարունակում է լրջագույնս մտահոգել «ներքին ռազմական իրավիճակ» եզրույթը, «ներքին սպառնալիք» եզրույթը, որովհետև այդ պարագայում միգուցե դուք չունեք որևէ պլան, ինչպես ասում եք՝ չգիտեք, թե հրացանը երբ և ում վրա կկրակի, բայց ես այստեղ տեսնում եմ ծուղակ, և միգուցե պայմանագրի մյուս կողմը ունի՞ այդ պլանը, այդ սցենարը, թե երբ և ում վրա պետք է կրակի այս հրացանը։

Ի պատասխան Կորյուն Նահապետյանը մանրամասնեց, որ ցանկացած իրավիճակի դեպքում որևէ գործողությունից առաջ կողմերը համաձայնության են գալու։

Արտակ Զեյնալյանը սկանդալ որակեց այն փաստը, որ հայ-ռուսական զինված ուժերի միացյալ խմբավորումը դեռ անցած տարիներին է ստեղծվել․ - «Այսինքն, նորմատիվ իրավական ակտ է ընդունվել «գաղտնի» գրիֆով, և Հայաստանում գործել է իրավունքներ, պարտականություններ, իրավական հետևանքներ, պատասխանատվություն ենթադրող իրավական ակտ, և դա պահվել է գաղտնի՞, գաղտնի՞ է ստորագրվել»:

Չնայած այսօրվա քննարկումներին՝ «Ելք»-ի պատգամավորների կարծիքով, իշխող քաղաքական ուժն այդպես էլ չհստակեցրեց, թե ղարաբաղյան հակամարտության և ներքին հակասությունների հարցերում ինչ դեր է ունենալու ռուս-հայկական զինուժների միացյալ խմբավորումը։

Համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը քվեարկության կդրվի վաղը։