Մերկել. «Թուրքիան չպետք է ԵՄ անդամ դառնա»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Թուրքիայի հետ` Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունները պետք է դադարեցվեն: Այդ մասին կիրակի երեկոյան հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը:

Գերմանիայի կառավարության ղեկավարի այս հայտարարությունը հնչել է գերմանական հեռուստատեսությամբ հեռարձակված նախընտրական բանավեճի ընթացքում, որին Մերկելից բացի, մասնակցում էր նաև սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցը:

«Ես պատրաստվում են Եվրամիության անդամ մյուս պետությունների ղեկավարների հետ քննարկել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունների դադարեցման հնարավորությունը: Ես երբեք էլ չեմ հավատացել, որ Թուրքիան կարող է դառնալ Եվրամիության անդամ: Ավելին՝ հստակ է, որ Թուրքիան չպետք է ԵՄ անդամ դառնա», - հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը:

Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի աշնանը, սակայն որոշ ժամանակ անց սառեցվել էին: Հիմնական պատճառը Կիպրոսի շուրջ Թուրքիայի որդեգրած անհաշտ մոտեցումն էր, երբ Թուրքիան սկզբում համաձայնեց բացել իր նավահանգիստներն ու օդանավակայանները կիպրոսյան տրանսպորտային ընկերությունների համար, իսկ հետագայում հրաժարվեց կատարել իր իսկ ստանձնած պարտավորությունը: