Ռուսաստան. Սիրիական ուժերը անցած ամիսների ընթացքում մեծ տարածք են վերագրավել

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ռուսական զորքերի աջակցությամբ Սիրիայի կառավարական ուժերը անցած երկու ամսում մեծածավալ տարածքներ են հետ գրավել ընդդիմադիր ապստամբներից:

«Ռոսիա 1» հեռուստաալիքի հետ զրույցում Շոյգուն նշել է, որ սիրիական ուժերը անցած երկու ամսում ավելի մեծ տարածք են գրավել, քան Դամասկոսի վերահսկողության տակ գտնվող ողջ տարածքն էր 2015-ի սեպտեմբերին, երբ ռուսական ուժերը սկսեցին օդային աջակցություն ցուցաբերել նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարը «խիստ տպավորիչ» է որակել սիրիական ուժերի նվաճումները:

Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը նշել է, որ օգոստոսի 1-ի դրությամբ սիրիական բանակի վերահսկողության տակ գտնվում է 74,200 քառակուսի կիլոմետր տարածք:

Սիրիայում 2011 թվականից կառավարական ուժերի և ընդդիմադիր ապստամբների միջև շարունակվող բախումների ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ են զոհվել, միլիոնավոր սիրիացիներ ստիպված են եղել լքել իրենց տները: