Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտևը չի բացառել, որ Սիրիայում բուֆերային գոտիներում տեղակայվեն ռուսական ռազմական ոստիկաններ: Այդ մասին հայտնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Դեռ վաղ է խոսել ռուսաստանցի դիտորդների մասին, բայց ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ բուֆերային գոտիներում լինեն ռազմական ոստիկաններ: Սակայն հարցը դեռ վերջնականապես համաձայնեցված չէ», - ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Նրա փոխանցմամբ՝ դա հնարավոր կլինի միայն եթե ստորագրվի անվտանգության գոտիների մասին փաստաթուղթը: Ստորագրելուց հետո ռուսական ռազմական ոստիկանները մի քանի շաբաթում արդեն կլինեն Սիրիայում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ անվտանգության առաջին և երկրորդ գոտիների հարցերը արդեն կարգավորված են, որոշ չհամաձայնեցված հարցեր կան Իդլիբի և հարավային գոտու հետ կապված:
Հիշեցնենք, հուլիսի 4-ին Ղազախստանի մայրաքաղաքում սկսվել է Սիրիայի հարցով բանակցությունների հինգերորդ փուլը՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ինչպես նաև ՄԱԿ-ի պատվիրակության մասնակցությամբ: Միացյալ Նահանգներն ու Հորդանանը բանակցություններին ներկա են դիտորդի կարգավիճակով:
Ավելի վաղ՝ հունիսի 24-ին Ղրղըզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Թիմուր Ջումակադիրովը հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական խորհրդում քննարկվել է Սիրիա խաղաղապահներ ուղարկելու հարցը:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղրղըզստանը, Ղազախստանը և Տաջիկստանը: