Կառավարությունը ներկայումս մշակում է մի օրինագիծ, որով պետք է կարգավորվեն Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված անձանց պատկանող հողատարածքները հետ վերցնելու մեխանիզմները: Շիրակի մարզի համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց գյուղնախարար Իգնատի Առաքելյանը, հավաստիացնելով՝ անարդարացի ոչինչ չի լինելու:
«Բոլոր դեպքերում, իմ կարծիքով, մենք պետք է ամեն ինչ դիտարկենք, ելնելով գյուղացիների շահերից, երկրի զարգացման շահերից, նաև սեփականատերերի շահերից, որպեսզի ոչ մեկի իրավունքները չխախտվեն: Իհարկե՝ հողերը չօգտագործելը դա խոչընդոտ է: Չօգտագործման մի քանի պատճառ կա՝ գուցե չկան պայմաններ, տարածքները ոռոգելի չեն, չկան ենթակառուցվածքներ և այլն, սակայն կան դեպքեր, երբ ամեն ինչ կա, բայց չի օգտագործվում: Համարում եմ, որ այդ դեպքում անարդարացի է, եթե կան պայմաններ՝ ինչու՞ չօգտագործել կամ տալ վարձակալության: Չենք կարող այլևս անուշադրության մատնել այդ հարցը, պետք է անպայման անդրադառնանք, և եթե պետք է օրենք փոփոխել, պետք է փոփոխենք և միջոցներ ձեռնարկենք»,- ասաց նախարարը:
Գյուղերում տարեցտարի ավելանում են չմշակվող հողատարածքները, անգամ ջրովի ու բարձր բերքատվություն ապահովող վայրերում: Հողատերերից շատերն արտագաղթել են: Նրանց մի զգալի մասն այլ երկրների քաղաքացիություն է ստացել՝ պահպանելով հողատարածքների նկատմամբ սեփականության իրավունքը:
Գյուղանախարարի հետ հանդիպմանը չմշակվող հողերի հարցը բարձրացրեց Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը: Միայն Ազատան համայնքում արդեն 200 հեկտար չմշակվող հողատարածք կա, որը վարձակալության ենթակա չէ: Գյուղապետն առաջարկեց գյուղապետարաններին լիազորություն տալ՝ ժամանակավոր տնօրինել այդ տարածքները, որպեսզի դրանք մշակվեն ու եկամուտներ ապահովեն համայնքների համար:
Արտագաղթի պատճառով գյուղերում խնդիրների առաջ են կանգնել մարզի գրեթե բոլոր համայնքները: Օրենքը նմյան դեպքերում միայն մեկ լուծում է նախատեսում, որը, սակայն, գյուղապետերը չեն կիրառում՝ չցանկանալով «վատամարդ դառնալ» ու փչացնել հարաբերությունները համայնքի բնակիչների հետ:
«Ճիշտ է՝ Հողային օրենսգրքի 102-րդ հոդվածը նախատեսում է, որ հողերի ոչ նպատակային օգտագործելու դեպքում դրանք օտարման ենթակա են, բայց մեր գործընկերներից ոչ ոք չի գնա այդ քայլին, որովհետև ոչ մեկի սերնդին չենք զրկելու հողի սեփականությունից»,- ասաց Ազատանի գյուղապետը: Կան նաև տարիներով բացակայող հողատերեր: Նրանց պարագայում գյուղապետերին առաջարկվում է դիմել դատարան ու անհայտ բացակայող ճանաչել սեփականատիրոջը: