Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ կիրակի օրը տեղի ունեցած հանրաքվեն ավարտվել է իր հաղթանակով: Դա նշանակում է, որ նախագահն ապագայում կստանա աննախադեպ լիազորություններ, և, ինչպես Թուրքիայի ընդդիմությունն է պնդում, երկրում կստեղծվի միահեծան իշխանություն:
Եվրոպայում նույնպես մտահոգված են Թուրքիայի հանրաքվեի արդյունքով: Էրդողանի պնդումը, թե հաջորդ հանրաքվեով երկրում կվերականգնվի մահապատիժը, Եվրամիությունում անվանում են «Թուրքիայի անդամակցության վերջնական ավարտ», քանի որ Հին աշխարհամասի համար մարդուն դատարանի որոշմամբ կյանքից զրկելը պարզապես անընդունելի է:
«Թուրքիան հետզհետե ավելի է հեռանում եվրոպական արժեքներից և անդամակցության հնարավորությունից», - հայտարարել է Դանիայի արտգործնախարար Անդերս Սամուելսոնը:
Նույնպիսի կարծիք է հայտնել Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելենը: Թուրքիայի Սահմանադրությունը լրամշակելու փաթեթին հավանություն է տվել Ավստրիայում բնակվող թուրքերի 73 տոկոսը:
«Կասկած չկա, որ հանրաքվեն անցել է արտակարգ իրավիճակում, մամուլի և հավաքների ազատությունը սահմանափակված է, դեմոկրատական ընդդիմության ակտիվիստներին հալածում են, երկիրը պառակտված է, Եվրոպան պետք է շատ ուշադիր հետևի Թուրքիայում հանրաքվեի արդյունքների իրագործմանը»,- հայտարարել է վան դեր Բելենը:
Թուրքիայի պառակտված վիճակի մասին է խոսել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Եվրոպայի խորհրդի շրջանակում Թուրքիայի ստանձնած պարտավորությունները թուրքական իշխանությանը պետք է ստիպեն ազատ և անկեղծ երկխոսություն վարել քաղաքական և սոցիալական կյանքին մասնակցող բոլոր հատվածների հետ», - ասվում է Ելիսեյան պալատի հայտարարությունում:
Գերմանիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիների 63 տոկոսն է հավանություն տվել Սահմանադրության լրամշակումներին: Գերմանական որոշ կուսակցություններ հայտարարել են, որ այս պայմաններում պարզապես անհրաժեշտ է ավարտել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները:
Բելգիայում նույնիսկ արմատական առաջարկ են հնչեցրել. խորհրդարանի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների ժողովի պատգամավոր Խենդրիկ Բոգարտը հայտարարել է, որ անհրաժեշտ է Բելգիայի քաղաքացիությունից զրկել այն թուրքերին, ովքեր ունեն նաև Թուրքիայի քաղաքացիություն:
«Թուրքերի կեսից ավելին քվեարկել է հօգուտ ավտորիտար ռեժիմի, ուրեմն՝ պետք է վերջ տալ երկքաղաքացիությանը, ընտրե։ք»,- Թվիթերի իր էջում գրել է Բոգարտը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ կիրակնօրյա հանրաքվեն Թուրքիայի ներքին գործն է:
«Մենք պետք է հարգանքով վերաբերվենք թուրք ժողովրդի կամարտահայտությանը», - ասել է Պեսկովը:
Նույն կարծիքն են հայտնել նաև Իրանում: Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Էրդողանին և շնորհավորել հանրաքվեի արդյունքների կապակցությամբ:
Թուրք քաղաքական վերլուծաբան Այան Մուսիլը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Սահմանադրության լրամշակումը ստեղծում է մեկ անձի դիկտատուրա:
«Այն, ինչ մատուցել են, չունի հակակշիռներ, դրանք մինչ այդ էլ էապես խեղաթյուրվել են, իսկ հիմա շատ ավելի վատ կլինի»,- ասել է թուրք վերլուծաբանը: