Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) հայտարարում է, որ դադարեցնում է քննարկումները Գագիկ Ծառուկյանի հետ։
Կուսակցության այսօրվա հայտարարությունում մասնավորապես ասված է. - «2016 թվականի դեկտեմբերի վերջից Գագիկ Ծառուկյանի լիազոր անձանց նախաձեռնությամբ սկսվեցին բանակցություններ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության հետ, որի հիմքում ընկած էր հետևյալը՝ առաջիկա նախատեսվող դաշինքում քննարկվում է մեծ քաղաքական պլատֆորմի ստեղծում, որի հիմքում ընկած է քաղաքական առողջ համագործակցության, սոցիալական արդարության հաստատման, երկրում որակական փոփոխություններ կատարելու գաղափարները, ՍԴՀԿ-ն համաձայնվել էր միանալ այդ պլատֆորմին, որտեղ դաշինք կազմող ուժերը պետք է լինեին ՍԴՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՌԱԿ-ը, ՀՀՇ-ն և Միասնություն շարժումը։ Քաղաքական կոնսուլտացիաները ընթացել են բոլոր մակարդակներով` ընդհուպ մինչև Գ. Ծառուկյանի հետ, որի հետ անձամբ ձեռք է բերվել քաղաքական պայմանավորվածություն բոլոր հնարավոր հարցերով։ ՍԴՀԿ-ն մասնակցելու էր 8 ռեյտինգային թեկնածուներով` այդ թվում ԲԱՑԱՌԱՊԵՍ սեփական միջոցներով։ ՍԴՀԿ համաշխարհային ղեկավարությունն այս պայմաններով պատրաստ է եղել բարոյական աջակցություն ցուցաբերել դաշինքին»։
Կուսակցությունը հայտարարում է, որ մի քանի օր է, սակայն, բոլոր հնարավոր առումներով միակողմանիորեն խախտվում են քաղաքական պայմանավորվածությունները, որի պատճառով Հնչակյան կուսակցությունը դադարեցնում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած միավորման հետ քննարկումները։