Խորհրդարանական ընտրություններին «Ժառանգությունը» մասնակցելու է դաշինքով

Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել առաջիկա ընտրություններին մասնակցել դաշինքով, և այժմ բանակցում են «Ելք»-ի, ինչպես նաև Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան հավանական դաշինքի հետ:

«Ազատության» հարցին ի պատասխան Մարտիրոսյանն ասաց, որ Զարուհի Փոստանջյանը դեմ է եղել որոշմանը․ - «Ոչ միայն տիկին Փոստանջյանը: Այլ անձինք ևս եղել են: Բայց ճնշող մեծամասնությունը իր քվեարկությամբ հաստատեց, որ մենք գնում ենք դաշինքով»:

Անդրադառնալով «Ծառուկյան դաշինք»-ի հետ համագործակցության հնարավորությանը՝ Մարտիրոսյանն ասաց․ - «Հանդիպում եղել է, ոչ պաշտոնական է եղել, իմ կողմից է եղել, պարոն Հովհաննիսյանը չի հանդիպել: Ըստ էության այդ դաշինքի հետ կապված պաշտոնական այլևս որևէ հարաբերություն չկա: Հետագայում ինչ կլինի, չեմ կարող ասել, բայց այս պահի դրությամբ խորհուրդը որոշում է կայացրել «Ելք» դաշինքի և Սեյրան Օհանյան-Օսկանյան ենթադրվող դաշինքի հետ»:

Մարտիրոսյանը փոխանցեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը «բնականաբար լինելու է թեկնածուների շարքում»․ - «Քանի որ նմանատիպ հարց չի քննարկվել, ես ենթադրում եմ, որ այո»:

Պատասխանելով Սեյրան Օհանյանի տեսաուղերձներին վերաբերող հարցին՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց․ - «Ես քանի որ այլևս պաշտոնական բանակցող եմ, որևէ ձևով կողմնակալ մոտեցում չցուցաբերեմ, և մինչև մեր վերջնական պաշտոնական որոշումը մի փոքր զերծ մնամ իմ մոտեցումներից»:

Դիտարկմանը, թե «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը Մարտի 1-ի մեղավորներ է համարում հենց Օսկանյանին, Օհանյանին, ու հարցին, թե ինչպես են նրանց հետ միասին գնալու ընտրապայքարի, Մարտիրոսյանն արձագանքեց․ - «Ես ուրախ եմ, որ պարոն Օսկանյանը հենց ձեր ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց՝ ես պատրաստ եմ ամբողջ պատասխանատվությունը ստանձնել՝ եթե որևէ խնդիր կա, և պատրաստ եմ դատարանի առջև կանգնելու: Կարծում եմ, իր այդ խոսքը շատ ավելի կարևոր է այս դեպքում, երբ քաղաքական գործիչը պատրաստակամություն է հայտնում և վստահ է, որ ինքը այնպիսի քայլ չի կատարել, որի արդյունքում կարող է դատապարտվել․․․ Հույս ունեմ, որ նմանատիպ հարցացրումներ դուք պարոն Օհանյանին միանշանակ հնարավորություն կունենաք տալու, և ինքը ձեզ կպատասխանի»:

Հարցին, թե ինչով են պայմանավորված նաև Զարուհի Փոստանջյանի հնչեցրած մտահոգությունները, որ «Ժառանգությունը», մասնակցելով Օհանյան-Օսկանյան դաշինքի հետ, կարող է կորցնել, Մարտիրոսյանն արձագանքեց․ - «Հեղինակությո՞ւն: Չէ, նմանատիպ մտահոգություն չի [եղել]: Խնդիրը, իսկապես ազնիվ լինեմ, նախկինում պաշտոնատար անձ եղած լինելն է․․․ Այդտեղ որևէ թաքցնելու բան չկա․ հնարավոր չէ Հայաստանում լինել պաշտոնատար անձ և սխալներ, թերացումներ ունեցած չլինել: Պարոն Օսկանյանը արդեն ըստ էության ինը տարի արդեն, կարելի է ասել, ընդդիմադիր գործունեություն է ծավալում, և ես տեսել եմ եռյակի ժամանակ ինքը ինչպես էր պայքարում, իրապես պայքարում իշխանափոխության համար: Պարոն Օհանյանը շատ ավելի երկար կառավարման փորձ ունի․․․ չհաշված իր ազատամարտիկ լինելը և ազատամարտի տարիները: Կարող է կոպիտ է օրինակս, բայց հիտլերյան Գերմանիայի դեմ պայքարելու համար, ասենք, ժողովրդավարության աղբյուր Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան չասեցին, որ խորհրդային Ստալին գոյություն ունի, որը էդ պահին բռնաճնշումների, բռնությունների մեծ հեղինակ էր: Իրենք չասեցին, որ այսպիսի Ստալինի հետ չի կարելի համագործակցել․ իրենք գնացին, ավելի մեծ չարիքի դեմ պայքարելու համար, ավելի փոքր կամ հարաբերական չարիքի հետ համագործակցելու: Այս դեպքում, բարեբախտաբար, այդպես չէ: Ես համոզված եմ, որ երկուսի ձեռքերին էլ արյուն չկա, որքան էլ ինձ քննադատեն: Որովհետև այդպիսի լիազորություններ չեն էլ ունեցել․․․ Եթե մի փոքր ծանոթ լինեն օրենքներին, պիտի հիշեն, որ 2008 թվականից հետո արդեն ըստ օրենքի Պաշտպանության նախարարի և շտաբի պետի լիազորությունները տարանջատվեցին, և շտաբի պետի լիազորությունները բավականին մեծացան: Մինչև այդ Պաշտպանության նախարարն էր ամբողջովին պատասխանատու բանակի համար»:

Զարուհի Փոստանջյանը, իր հերթին, «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Պետք է սկսեն բանակցություններ երկու պայմանական դաշինքների հետ: Այսինքն ոչ թե արդեն գոյություն ունեցող ինչ-որ մի միավորի հետ են բանակցելու, այլ ինչ-որ տարբեր միավորներ հետ պետք է բանակցեն: Հասկանալի է, որ սա արհեստական ստեղծված իրավիճակ է, որը չի կարող լինել արդյոնավետ և օգտակար: Եվ հատկապես, եթե մենք հաշվի ենք առնում, որ դրանք իրապես ընտրություններ չեն, այլ ուղղակի ընտրությունների անվան տակ տեղի է ունենալու քաղաքական միջոցառում։ Հետևաբար այսպիսի արհեստական ստեղծվող դաշինքների հետ միավորումը իհարկե ողջունելի չէ իմ կողմից: Եվ ես չեմ կարծում, որ սա արդյունավետ ճանապարհ է, որպեսզի անցնի «Ժառանգությունը»»:

Փոստանջյանը չբացառեց, որ կարող է չընդգրկվել կուսակցության ցուցակում: Բացառեց նաև «Ժառանգությունից» դուրս գալը: