Երկրաշարժից հետո օտարերկարցիների կողմից կառուցված պոլիկլինիկայի շենքում աշխատանքը շարունակող ծննդատունն, ըստ փոխտնօրեն Ֆելիքս Գրիգորյանի, գործում է անհավասար մրցակցության պայմաններում: 14 տարի ծննդատունը ղեկավարած Գրիգորյանը չի հիշում, թե ե՞րբ են վերջին անգամ պետական աջակցություն ստացել: Աչքի լույսի պես են պահում առաջին ու երևի թե վերջին պետական օգնությունը՝ հականեխման սարքը:
«Ուրիշ ոչ մի լումայի աջակցություն, օժանդակություն, ներդրում պետությունը, կառավարությունը, մարզպետարանն այս ծննդատան համար չեն արել»,- ասում է փոխտնօրենը: Նա վստահ է՝ պետությունը չի ֆինասավորում հիվանդանոցը, որպեսզի հետո այն լուծարի: «Սա մեկ մարդու ցանկություն է», - ակնարկում է Գրիգորյանը, չմանրամասնելով, թե ում նկատի ունի:
Այն, որ ծննդատունն այսօր պարտքեր է կուտակել ու բժշկական սարքավորումների վերազինման խիստ կարիք ունի՝ ծննդատան ղեկավարները բոլորից լավ գիտեն: Վերջիններիս խոսքով, այդ խնդիրները պարբերաբար ներկայացվում են մարզպետարանի համապատասխան վարչությանն ու նախարարությանը, բայց արդյունքը զրո է: Անցած տարեվերջին աշխատավարձերի պարտքը թեպետ մարել են, բայց դրանով հիվանդանոցի բեռը չի թեթևացել: «Եթե ծնունդը քիչ է, ֆինանսավորումն էլ քիչ կլինի, դրա համար և՛ աշխատավարձի խնդիր ենք ունենում, և՛ պարտքերն են ավելանում ծննդատան․․․»:
Ըստ Շիրակի մարզի գլխավոր գինեկոլոգի՝ ծննդատունն առայսօր գոյատևել է բացառապես ծնունդների հաշվին ստացված գումարներով ու ՀԿ-ների տրամադրած աջակցությամբ: Ծննդատան փոխտնօրենի խոսքով, առողջապահության ոլորտի «չինովնկներից» շատերը ծննդատունը փակելու «մեծ ցանկություն ունեն», բայց «առայսօր դա չի արվել նախկին ու ներկա մարզպետների միջամտության շնորհիվ միայն»:
Տարեվերջյան իր ամփոիչ ասուլիսում, անդրադառնալով Գյումրու ծննդատանը, առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ասել էր՝ այնտեղ բավական լուրջ խնդիրներ կան: «Ազատության» հարցին՝ գուցե ոչ արդյունավետ կառավարումը, կամ թերֆինանսավորու՞մն է այդ խնդրիների պատճառը, և ի՞նչ է անում նախարարությունը՝ ծննդատունն առողջացնելու համար, փոխնախարարը պատասխանել էր՝ խնդիրները սկսվում են դեռ շենքից: Սերգեյ Խաչատրյանը նաև ասել էր, թե 2017-ին մի շարք ծննդատներ են փակվելու, չհստակեցնելով՝ արդյո՞ք դրանց շարքում է լինելու նաև Գյումրու ծննդատունը:
Թեպետ առողջապահության փոխնախարարի և Շիրակի մարզպետի մասնակցությամբ ամիսներ առաջ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ քննարկվել են մարզային առողջապահական հաստատությունների արդիականացման, բժշկական օգնության որակի բարելավման հետ կապված հարցեր, նաև անդրադարձ է եղել Գյումրու ծննդատան խնդիրներին, այդուհանդերձ, մարզպետ Հովսեփ Սիմոնյանն օրերս հրաժարվեց խոսել ծննդատան խնդիրների մասին:
Այդ խնդիրներին առնչվող ՝ «Ազատության» հարցին ի պատասխան, նա միայն նշեց՝ «ժամանակ չունեմ, խորհրդակցության եմ պատրաստվում, հարցերն ուղարկեք գրավոր»: