Գևրոգ Սաֆարյանը հեգնանքով արձագանքեց․ - «Բարի դատախազը 10 տարի չուզեց: Արդեն շնորհակալ ենք»:
Գևորգի մայրը, համակիրները տարակուսած էին՝ երկուևուկես տարի ճաղերի հետևո՞ւմ պիտի անցկացնի նոր տարվան տոնածառ զարդարելու համար․ - «Ժողովրդին վախեցնելու ձև ա սա»:
Ծավալուն մեղադրականում դատախազը Գևորգի արարքում հանրային մեծ վտանգ տեսավ՝ պնդելով, որ պետական համակարգի նորմալ գործունեությունն է խախտվել: Մեղադրողի խոսքով, ոստիկաններն ընդամենը փորձել են պարզել, թե ով է տոնածառի հագուստով հրապարակ եկած անձը, և հանդիպել են ընդդիմադիրների դիմադրությանը, և այդ ընթացքում Գևորգ Սաֆարյանը «ձախ ձեռքով շեշտակի հարվածել է» ոստիկանության ծառայող Գեղամ Խաչատրյանի «աջ հոնքի շրջանում և վայր գցել»:
Թեև Գևորգն ու «Նոր Հայաստան» շարժման անդամները իրենք էին Գեղամ Խաչատրյանից վիրավորանքերի արժանացել դեռ մինչև միջադեպը, երբ Ազատության հրապարակ գնալուց առաջ ոստիկանը Ֆեյսբուքում գրել էր․ «Պահպանում ենք հասարակական կարգն ու կանոնը կապիկներից, որոնք զվռնում են հրապարակում»:
Դատախազը Վահե Դոլմազյանը մեջբերում էր գործով տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանի ու նրա ենթակաների միանման ցուցմունքները, թե Գևորգը հարվածել է իրավապահին: Թե ինչու տեսանյութերից որևէ մեկում չի երևում այդ դրվագը կամ ոստիկանի հոնքի պատռվածքը, մեղադրողը բացատրեց․ - «Բացառված չէ, որ այն մոնտաժված է, ինչը մեղադրողի մոտ կասկած է առաջացնում: Գեղամ Խաչատյանի գլխին կա դրված գլխարկ, որը հասնում է մինչև նրա աչքերը, հոնքերը»:
Գևորգի փաստաբանի խոսքով՝ ձախողված են մեղադրողի փորձերը ցույց տալ, թե իբր ոստիկանները պաշտոնական, ծառայողական դիրքում են եղել և ընդամենը ինքնապաշտպանվելու համար հարվածել ցուցարարներին․ - «Դատաքննության ընթացքում հենց Գեղամ Խաչատրյանը հայտարարեց, որ ինքը եռապատիկ հայհոյանքով պատասխանել է Գևորգ Սաֆարյանին: Փաստորեն մեղադրող դատախազը օրինականացրեց, որ ոստիկանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հայհոյանքներ մաղթելով Ամանորի գիշերը կատարում է իր պաշտոնական պարտականությունները»:
Հաջորդ դատական նիստին պաշտպանական ճառով հանդես կգա ինքը Գևորգը, և միջադեպից շուրջ մեկ տարի անց դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու: