Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց

Հայկ Ալումյան

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը մինչև 2017 թվականի հունվարի 13-ը։

Դատարանը հետաձգեց նիստը, քանի որ ներկա չէին այս գործով անցնող մի քանի մեղադրյալներ ու պաշտպաններ, այդ թվում նաև՝ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանն ու նրա պաշտպան Հայկ Ալումյանը։

Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Շիրխանյանի առողջական վիճակը շատ ծանր է։ «Ինքը չի կարող ներկայանալ կամ չներկայանալ, նրան պետք է պատգարակով բերեն դատարան։ Ինքը չի կարողանում քայլել, ինքը 15-20 րոպեից ավել չի կարող նստած մնալ։ Առանց իր ներկայության չեն կարող նիստ անցկացնել, իսկ եթե պատգարակով կբերեն՝ թող բերեն, խնդիր չկա։ Ես չպետք է միջնորդություն ներկայացնեմ, որ նրան բերեն։ Բոլոր տրամաբանող մարդիկ պետք է հասկանան, որ պետք է նրան պատգարակով բերեն, եթե չեն հասկանում, ուրեմն ես դրա համար էլ միջնորդություն կներկայացնեմ», - ասաց փաստաբանը՝ նշելով, որ եթե մյուս անգամ էլ Շիրխանյանին պատգարակով չբերեն, նիստը կրկին կհետաձգվի։

Վահան Շիրխանյանը, ըստ Ազգային անվտանգության ծառայության, ձերբակալվել է «Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու» կասկածանքով։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով («հանցավոր համագործակցությանը մասնակցելը»): Հոդվածով նախատեսվում է 6-ից 10 տարի ժամկետով ազատազրկում։

Նշենք, որ դատարանի դահլիճում «Ազատության» հարցին ի պատասխան Արթուր Վարդանյանն ասաց, որ մեղքը չի ընդունում։ «Քանի մենք կանք, հայ ազգը նեղություն չի քաշի», - հայտարարեց Վարդանյանը։

Մանրամասներն՝ ավելի ուշ