Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) փոխանցմամբ՝ ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում հիմնավորվել է, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար փաստաբան Է. Զաքարյանի միջոցով պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 դոլար կաշառք:
Քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ «դատավորի կողմից կաշառք ստանալը», որի համար սահմանված է 7-ից մինչև 12 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ «կաշառքի միջնորդություն», որի համար սահմանված է տուգանք, մինչև երկու ամսվա կալանք կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Բարսեղյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Դատավոր Իշխան Բարսեղյանը, հիշեցնենք, չէր ընդունում առաջադրված մեղադրանքը և հրաժարվում էր ցուցմունք տալ: