«Ժառանգություն»-ը որոշել է չմասնակցել ՏԻՄ ընտրություններին

Զարուհի Փոստանջյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Ընդդիմադիր կուսակցության՝ այսօր տարածած հաղորդագրությունում ասվում է, որ պատճառը Սարի թաղի դեպքերից հետո «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, մամլո քարտուղար Դավիթ Սանասարյանին և քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանին կալանավորումն է:

«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն ասաց, թե վստահ են, որ իշխանությունները տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից առաջ որոշել են ճնշել ընդդիմադիր ուժին. - ««Ժառանգության» առաջատարները այս պահին գտնվում են անազատության մեջ, և նրանց կարողությունները հնարավոր չէ օգտագործել այս տիրույթում: Եվ մեր կարողությունները, ընդհանուր կուսակցության, պետք է նաև ուղղված լինեն նրանց դեպի ազատություն տանելուն»:

«Ժառանգության» կալանավորված անդամները, հիշեցնենք, մեղադրվում են հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։

Հայտարարության մեջ ընդդիմադիր ուժը պնդում է, որ իրենց կուսակցության անդամները կալանավորվել են շինծու մեղադրանքներով․ - «Մի կողմից, մեր ներկայացուցիչները օրինակելի քաղաքացիներ են՝ իրենց իրավունքների իրականացմամբ և խաղաղ ժողովների մասնակցությամբ, որոնք փաստորեն պատ էին կազմել ոստիկանների և խաղաղ համաքաղաքացիների միջև, իսկ մյուս կողմից, նրանց նկատմամբ ձերբակալության ժամանակ բռնություն և ճնշումներ են գործադրել ու այժմ մեր կուսակիցներին սպառնում է 4-10 տարի ազատազրկում: Ինչի՞ համար, կարող ենք հարցնել: Այստեղ չկա ժողովրդավարություն, չկա արդարություն, չկա իրավունքների ոչ մի գերակայություն»:

Իշխող ՀՀԿ-ում վստահ են, թե «Ժառանգություն» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու որոշումից ընդդիմադիր դաշտը շատ չի տուժի։ ԱԺ փոխնախագահ, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե «Ժառանգություն»-ը Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախագահական ընտրություններում մասնակցելուց հետո դադարել է Հայաստանում քաղաքական գործոն լինել․ - «Եթե իրականում այդպիսի կուսակցություն կա, գոյություն ունի, պետք չի իրենց պրոբլեմները գցեն իշխանության ուսերին: Եվ նենց չի, որ ընդդիմադիր դաշտը շատ կտուժի, որ «Ժառանգությունը» չմասնակցի: Ընդդիմությունը չի տուժի։ Ռուսը ասում ա՝ свято место пусто не бывает: Եվ վաղուց արդեն ընդդիմադիր դաշտում նոր, ավելի ազդեցիկ խաղացողներ են հայտնվել, քան «Ժառանգությունը»»:

ՏԻՄ առաջիկա ընտրություններում հիմնական պայքարը գնալու է Գյումրի և Վանաձոր քաղաքներում։ Շարմազանովի կարծիքով, «Ժառանգությունը» այստեղ առաջատար թեկնածու չուներ էլ․ - ««Ժառանգությունը» առաջադրվի-չառաջադրվի ընդդիմադիր բևեռից, իմ սուբյեկտիվ կարծիքով, որպես Լոռու մարզի բնակիչ, «Լուսավոր Հայաստանն» ընդդիմության ֆավորիտն է Վանաձորում, Գյումրիում էլ ԳԱԼԱ-ն կա, «Բարգավաճ Հայաստանն» ա հայտարարել, «Օրինաց երկիրն» ա հայտարարել․․․ Այսինքն «Ժառանգությունը» էդ ո՞ւմ պտի առաջադրի Վանաձորում կամ Գյումրիում, որոնք ավելի հեղանակավոր են, քան Էդմոն Մարուքյանի եղբայրը, քան «Օրինաց երկրի» թեկնածուն կամ էլ ո՞ւմ պտի առաջարդի, որ ավելի մեծ հեղինակություն ունի, քան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմադիր թեկնածուն, կամ Հովհաննես Մարգարյանը, կամ ԳԱԼԱ-ի ներկայացուցիչը»:

Ինչ վերաբերում է կալանավորված անդամներին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրավական խնդիրներ չի մեկնաբանում, և պետք է հետևել դատավարությանը:

Զարուհի Փոստանջյանը Շարմազանովին մեկ նախադասությամբ արձագանեց․ - «Ժամանակը ցույց կտա, թե ինչպես է վերանալու պարոն Շարմազանովը՝ իր առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ միասին»:

«Ժառանգություն» կուսակցությունը հաղորդագրությունում շեշտում է, թե անհրաժեշտության դեպքում պատրաստ են աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններում այլ մասնակիցների սատարել։