«Սասնա ծռեր»-ի աջակիցները ցույց և երթ անցկացրին Երևանում

Երեկ երեկոյան Խորենացի փողոցում ոստիկանության կողմից քաղաքացիներին զանգվածաբար բերման ենթարկելուց հետո սոցցանցերում հայտարարություն տարածվեց, որ հավաքը տեղափոխվում է Ազատության հրապարակ։ Մոտ երկու ժամում հրապարակում մեծ թվով քաղաքացիներ հավաքվեցին։ «Հիմնադիր խորհրդարանից» Հրաչիկ Միրզոյանը հայտարարեց, որ ցույցերի համակարգող խմբի անդամների մեծ մասը բերման է ենթարկվել։

Երեկոյան 10-ի հատվածում բաց քվեարկությամբ քաղաքացիները որոշեցին երթով շարժվել դեպի Խորենացի և այնտեղ աջակցել «Սասնա ծռեր» խմբին, Խորենացու ցույցերի համակարգող խմբի ազատության մեջ գտնվող անդամներն էլ հայտարարեցին, որ իրենք համակարգումը երիտասարդներին են փոխանցում և այսուհետ պարզապես ցույցի մասնակից են։ Թումանյան փողոցից մեկնարկած երթը անցավ Խանջյան, Սայաթ-Նովա, Չարենց, Նար-Դոս փողոցներով։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զգուշացրեց, որ դեպի Խորենացի երթ չի կարող լինել, «Ազատությանն» էլ փոխանցեց, որ ոստիկանությունը դա թույլ չի տա։ Չնայած դրան ոստիկանությունը ճանապարհին փակում էր հարակից փողոցների երթևեկությունը և ուղեկցում երթը։

Ճանապարհին ցուցարարների թիվն ավելացավ, Խորենացի փողոցում էլ ոստիկանությունը սկսեց ուժեր կենտրոնացնել: Գործողությունները համակարգում էր փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։ Ցուցարարները պարբերաբար հայտարարում էին, որ իրենք խաղաղ են, իսկ քիչ անց էլ պահանջեցին Սերժ Սարգսյանի հրաժարականը, քաղբանտարկյալների ազատ արձակումը և վստահության կառավարության ձևավորումը: «Հիմնադիր խորհրդարանից» Հարություն Աղլամազյանը այս պահանջները կատարելու համար մինչև 12:30 ժամանակ տվեց իշխանություններին, իսկ մինչ այդ քաղաքացիները Խորենացիում նստացույց սկսեցին։

Հարություն Աղլամազյանը «Ազատությանը» փոխանցեց՝ իրենց պահանջները իրատեսական են, քանի որ ժողովուրդն է դա պահանջում։ Վերջնաժամկետից հետո պահանջները չկատարվեցին։ Աղլամազյանը առաջարկեց շարունակել նստացույցը Խորենացիում, մինչդեռ մի շարք քաղաքացիներ համաձայն չէին, բարձրախոսի համար հրմշտոց սկսվեց։

Քիչ անց երիտասարդները քննարկում անցկացրեցին ու որոշեցին գնալ տուն և այսօր երեկոյան կրկին Ազատության հրապարակում ցույց անցկացնել։

Խորենացու ցույցերը համակարգող խմբի մի շարք անդամներ էլ այսօր ասուլիս հրավիրեցին, Անդրիաս Ղուկասյանը դատապարտեց իրենց խմբի երեք անդամների ձերբակալությունները և կոչ արեց իշխանություններին նրանց ազատ արձակել:

«Այդ գործելակերպը որդեգրելով՝ վարչախումբը դրդում է քաղաքացիներին համաժողովրդական ապստամբության», - հայտարարեց նա:

Ղուկասյանը նաև հայտարարեց, որ իրենք այսօր երեկոյան հավաք են անցկացնելու Ազատության հրապարակում, որի ընթացքում էլ կքննարկեն հետագա քայլերը։