Հուլիսի լույս 23-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 18 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց, այդ թվում դիպուկահար հրացաններից՝ 43 անգամ:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ժամը 00:10-ի սահմաններում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորում է ստացել 25-ամյա պայմանագրային զինծառայող Մհեր Վանիկի Զիլոյանը:
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն։