Կինոռեժիսոր․ «Տարան՝ խփին գետնին, ակնոց-մակնոց ջարդին»

Կինոռեժիսոր Արամ Շահբազյանը պնդում է՝ ոստիկաններն իրեն բռնության են ենթարկել, գցել գետնին ու կոտրել թևն ու ակնոցը:

«Ազատության» հետ զրույցում Շահբազյանն պատմեց՝ երեկ երեկոյան փորձել է էրեբունու ոստիկանական բաժանմունքի մոտ կանգնած ընկերոջը մոտենալ, դեպի ոստիկանություն տանող փողոցներից մեկում հանդիպել է ճանապարհը փակած ոստիկաններին, հարցրել է նրանց, թե ինչպե՞ս կարող է մոտենալ շենքին՝ ընկերոջը տեսնելու: Ասաց՝ մինչև նրանցից մեկը սիրալիր բացատրում էր, որ այդ հատվածից ճանապարհը փակ է, հեռվից հնչել է՝ «բռնեք դրան» հրահանգն ու երկու ոստիկան բռնել են երկու թևերից, հրել ու գցել գետնին՝ կոտրելով ձախ թևը:

«Տարան՝ խփին գետնին, ակնոց-մակնոց ջարդին․․․ էդ ընթացքում մի ուրիշ պաշտոնավոր մեքենայով մտավ էդ ռեշոտկեքը, ասաց՝ թողեք հըլը, արա: Թողեցին, ասաց՝ դե գնա ստեղից», - պատմեց նա: Ի դեպ, ռեժիսորը աջ ձեռքը չի կարողանում շարժել արցախյան պատերազմի ժամանակ ստացած վիրավորումից հետո: Ձախն էլ, ասաց՝ ոստիկանները կոտրեցին:

Դեպքից հետո Շահբազյանը դիմել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ նրան տեղեկացրել են, որ ձախ թևի կոտրվածք ունի: Հիվանդանոցից հետո, կինոռեժիսորը զանգահարել է 1-02, կեսգիշերին ոստիկանության աշխատակցիներն այցելել են նրան ու ընդունել հանցագործության մասին հաղորդումը: Արամ Շահբազյանը պահանջում է պատժել ոստիկաններին:

«Իմ կյանքում ես ըտենց մանթրաժ չեմ տարել․․․ անզորության ըտենց զգացում չի եղել մոտս: Ես ահավոր ծանր եմ տանում, որպես տղամարդ չեմ կարողանալու ոչ մի կերպ ներել էդ տղերքին», - ասում է կինոռեժիսորը:

Ի դեպ՝ Շահբազյանն այսօր երեկոյան պետք է մեկնի Բուլղարիա՝ միջազգային փառատոնի, որտեղ էլ ներկայացված է իր ֆիլմը:

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ դեպքի վերաբերյալ ահազանգ են ստացել էրեբունի բժշկական կենտրոնից, որտեղ տուժածը հայտնել է, որ ձեռքը ոլորել է, այնուհետև իրենց աշխատակիցները հենց Շահբազյանի զանգից հետո մեկնել ու ընդունել են նրա հաղորդումը։ Ոստիկանությունում այս պահին կատարվում է հետաքննություն, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: