Այսօր առավոտից Երևանի Տերյան 23 շենքի բնակիչներն ահազանգում էին, որ ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները փորձում են քաղաքացիական ակտիվիստ Վարդան Գերավետյանի տուն մտնել դուռը կոտրելով:
Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին հարևանները, ոստիկաններն իրենց ասել են, որ Գերավետյանի տանը զենք-զինամթերք են փնտրում, խուզարկություն են իրականացնում, ունեն դատարանի որոշում, որը, սակայն, այդպես էլ ցույց չեն տվել:
Իրավապահները դատարանի որոշումը ցույց չտվեցին նաև հավաքված լրագրողներին, բավարարվեցին ասելով՝ «քննչական գործողություններ են, մեզ մի խանգարեք»:
Հարևանները երեք օր է Գերավետյանից լուր չունեն, նրա հեռախոսն անջատված է: Նրանք կասկածներ ունեն, որ իրենց հարևանը ոստիկանությունում է, բերման է ենթարկվել: