Բազմաբնակարան շատ շենքերում խնդիր են դառնում առնետներն ու գարշահոտությունը

Երևանի փոխքաղաքապետը խնդրի լուծումը կապում է «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» մշակվող նոր օրենքի ընդունման հետ:

Տիգրան Մեծ հասցեի 27/2 շենքի և հարակից բարձրահարկերի մեզ հանդիպած բնակիչները տարակուսած են՝ ո՞ւր են գնում կոմունալ սպասարկման համար իրենցից գանձված գումարները, երբ հատկապես ամռան ամիսներին հանգիստ չունեն շքամուտքերում վխտացող առնետներից, խավարասերներից և շքամուտքերի աղբախցերից տարածվող գարշահոտից:

Նրանք չեն ժխտում, որ համատիրությունը միջոցներ ձեռնարկում է․ - «Էկան էդ դեղերից ցանեցին, բայց չօգնեց»:

Երվանդ Քոչար 7 շենքի բնակիչների տևական բողոքների արդյունքում առնետները մուտքում պակասել են: Շենքի հնաբնակներն ասում են, որ տասնամյակներ շարունակ այս խնդիրը միայն կարճաժամկետ լուծում է ստանում: Առաջին հարկում գործող բանջարեղենի խանութի աշխատակիցները հերթապահություն են սահմանել դռան մոտ, որպեսզի առնետները խանութ չմտնեն: Հարակից շենքերից մեկի բնակիչներն էլ ասացին, որ հույսները կտրել են բողոքելուց, ստիպված անցել են ավանդական տարբերակին՝ մուտքում կատու են պահում:

Պուշկինի 60 շենքի բնակիչներից մեկի խոսքով, գարշահոտությունն ու առնետները կվերանան, եթե քաղաքային իշխանությունը, առանց բնակիչների կարծիքը հարցնելու, շքամուտքերից ապամոնտաժի աղբախցերն ու մեծ աղբամաններ տեղադրի բակերում․ - «Որովհետև մենք ենք կերակրում առնետներին մեր սննդային մնացորդներով»:

Առնետների դեմ պայքարի գործընթացում, Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի խոսքով, իրենց լիազորություններն այդքան էլ մեծ չեն․ դա հիմնականում համատիրությունների պարտականությունն է:

Փոխքաղաքապետը հույս ունի, որ, եթե ընդունվի «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» նոր օրենքը, նաև իրենք կարող են մշտական վերահսկողության տակ պահել խնդիրը․ - «Իրականում այդտեղ խնդիր կա, և քաղաքապետը հստակ մի քանի խորհրդակցություններում ասել է, որ այդ խնդիրը գլոբալ կարգավորման անհրաժեշտություն ունի: Այս պահին մշակվում է նոր օրենք բազմաբնակարան շենքերի կառավարման մասին: Էապես փոխվելու է համակարգը, որտեղ համատիրությունները կունենան պատասխանատվություն: Որովհետև այս պահին, եթե համատիրությունը իր գործը չի անում, կամ բնակիչը չի վճարում վճարը, որպեսզի այդ աշխատանքներն արվեն․․․ Պատասխանատվության դաշտը օրենքով, այս պահին գործող օրենսդրությամբ կարգավորված չի: Եվ դա խնդիր է առաջացնում»:

«Ազատության» հարցմանը, թե որ կազմակերպություններն են զբաղվում բարձրահարկերում կրծողների ոչնչացմամբ և ինչ ֆինանսական միջոցների հաշվին է դա արվում, քաղաքապետարանից պատասխանեցին, որ դրանք պարտադիր աշխատանքներ են, որոնք կատարում են միանգամից երեք կազմակերպություններ: Առնետների դեմ պայքարը, ըստ քաղաքապետարանից ստացված պատասխանի, իրականացվում է համատիրություններին բնակիչների վճարած գումարների հաշվին: