Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը 4/20 ընտրատեղամասի հանձնաժողովի ընդդիմադիր ՀԱԿ անդամը, վստահված անձն ու ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչը դատարանից պահանջում են՝ ճանաչել Ալիտա Սարդարյանի ու Անի Թովմասյանի իրավունքների խախտումն ու նրանց տուժող ճանաչել:
«Երբ մենք բողոքը ներկայացնում էինք՝ գործը նախաքննության փուլում էր: Դատարանն այդ դեպքում կա՛մ պետք է տուժող ճանաչեր, կա՛մ բողոքը մերժեր: Հիմա իրադրությունը փոխվել է՝ գործը դատաքննության փուլ է մտել, ու որպեսզի դատարանի պատճառաբանությունը չլինի այն, որ գործը դատաքննության փուլում է, այլընտրանքային պահանջ ներկայացրեցինք՝ պահանջելով ճանաչել իրավունքի խախտումը: Հիմա ատյաններ պետք է անցնենք, մինչև հասնենք Եվրոպական դատարան», - ասում է փաստաբան Դավիթ Գյուրջյանը:
Արաբկիրի 4/20 ընտրատեղամասային հանձնաժողովի ՀԱԿ անդամ Ալիտա Սարդարյանն «Ազատության» հետ զրույցում պատմեց՝ դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի օրը հանձնաժողովի նախագահ ԲՀԿ-ական Նիկոլայ Մոսինյանը խախտել է օրենքն ու ձայների հաշվարկի ժամանակ լքել տեղամասը, իսկ վերադառնալուն պես վերցրել արձանագրության թղթերն ու սկսել վրան այլ թվեր գրել: Սարդարյանն ասում է՝ ինքը հասցրել է խլել հանձնաժողովի նախագահի ձեռքից մյուս թղթերն ու պահել դրանք, ինչից հետո Մոսինյանը ֆիզիկական ուժ է կիրառել իր նկատմամբ՝ փորձելով ետ խլել թղթերը:
«Սկսեց գրել թվերն ու ասաց՝ ինձ ինչ ասել են վերևից, այն էլ գրում եմ: Ասաց՝ ի՞նչ ա, քո պատճառով պետք ա գնամ նստե՞մ, թե՞ ընտանիքս տուժի: Ես արձանագրությունները վերցրեցի ու դուրս եկա, ինքը հետևիցս վազեց դուրս, եկավ վզիցս բռնեց, որ խլի արձանագրությունները: Ոստիկանները չէին խառնվում: Ես տեսարանին ականատես Արաբկիրի փոխոստիկանապետին ասացի՝ Մկոյան, պիտի ձեր աչքի առաջ ինձ խեղդի ու չմիջամտե՞ք, ու իրենք միջամտեցին», - պատմում է նա:
Դատական նիստը դեռ չսկսված՝ փաստաբան Դավիթ Գյուրջյանն ու իրեն տուժող ճանաչելու պահանջով դատարան եկած Ալիտա Սարդարյանը պահանջեցին դատավոր Դավիթ Գրիգորյանի ինքնաբացարկը: Գյուրջյանն ասաց՝ այս դատավորը հնարավորություն չունի ընտրակեղծարարության գործերով օբյեկտիվ ակտ կայացնելու, որովհետև մեկ այլ գործով կոնկրետ փաստերն անտեսել է: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն անցավ խորհրդակցական սենյակ, վերադարձավ ու հայտարարեց՝ դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը: Դատը հետաձգվեց մինչև հունիսի 21-ը: