Միջնորդներ․ Անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ-ը կարողանա հետաքննել հրադադարի խախտումները

Լեռնային Ղարաբաղ - Հայ սպաները ուղեկցում են Մինսկի խմբի համանախագահներին շփման գծի դիտարկման ժամանակ, 27-ը հոկտեմբերի, 2015թ․

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները համոզված են՝ դիտարկման ժամանակ կրակոցները միտումնավոր էին:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այսօր Բաքվում հաղորդագրությամբ են հանդես եկել հոկտեմբերի 26-28-ը տարածաշրջան իրենց այցելության վերաբերյալ՝ հայտնելով, որ հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղի փաստացի (de facto) իշխանությունների հետ»:

«Նախագահները հաստատեցին համանախագահների հովանու ներքո մինչև տարեվերջ գագաթնաժողով անցկացնելու իրենց հանձնառությունը՝ քննարկելու կարգավորման առանցքային տարրերը և այլ հարցեր», - փոխանցում են ղարաբաղյան կարգավորման միջնորդները՝ շարունակելով․ - «Նախագահների հետ հանդիպումներում մենք շեշտեցինք Շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով բռնության վտանգը: Ծանր զինատեսակների կիրառումը, ինչպիսին են ականանետները և հրթիռանետները, անընդունելի է և լուրջ վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության համար: Մենք խորապես ցավում ենք անմեղ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ու կորսված կյանքերի համար և ակնկալում, որ կողմերը կձեռնարկեն ամեն քայլ՝ խուսափելու բռնությունից: Մենք բարձրացրեցինք անվտանգության իրավիճակի կայունացմանը և բանակցությունների համար ավելի կառուցողական մթնոլորտի ստեղծմանն ուղղված գոյություն ունեցող առաջարկներ»:

Հայտնելով, որ Բաքվում հանդիպել են «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ, համանախագահները նշում են, որ խրախուսում են հակամարտության հետևանքով բոլոր տուժածների միջև երկխոսությունը՝ որպես խաղաղ գործընթացի էական մաս, և սատարում են հայերի ու ադրբեջանցիների շփումներին միտված ծրագրերը: «Մենք հանդիպեցինք նաև Երևանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչին՝ քննարկելու անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակման իրականացումը՝ մարդասիրական միջոցառում, որին մենք լիովին աջակցում ենք», - ասված է հաղորդագրությունում:

«Համանախագահների կողմից Շփման գծի սովորական հատումից անմիջապես հետո, կրկնվող հրազենային կրակոցները չհստակեցված տեղանքից ստիպեցին ԵԱՀԿ-ի դիտորդներին պատսպարվել: Կողմերը պարտավորվել են երաշխավորել դիտարկում իրականացնող անձնակազմի անվտանգությունը: Այս միջադեպը կարգավորման ուղղությամբ առաջընթացը խափանելու միտումնավոր փորձ է: Այն նաև ընդգծում է ԵԱՀԿ-ի՝ հրադադարի խախտումները հետաքննելու կարողություն ունենալու անհրաժեշտությունը», - իրենց հաղորդագրությունն ամփոփում են Մինսկի խմբի համանախագահները: