Ռուսաստանի բնակիչների գրեթե կեսը կողմ է գրաքննությանը ինտերնետում: Համենայն դեպս, այդ են վկայում երկրում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ 49 տոկոսը կողմ է գրաքննությանը, իսկ դեմ է միայն 11 տոկոսը:
Ավելին, ըստ նույն հարցման, ռուսաստանցիների 58 տոկոսը համարում է, որ ազգային սպառնալիքի դեպքում կարելի է ամբողջությամբ անջատել ինտերնետը, 73 տոկոսը կարծում է, որ պետք չէ ինտերնետում հրապարակել բացասական տեղեկություն պաշտոնյաների մասին, 81 տոկոսն էլ բացասաբար է վերաբերվում ինտերնետում տեղ գտած հրապարակումներին, որոնք հակաիշխանական ակցիաների կոչ են անում:
Ռուսաստանցիների 42 տոկոսը, ըստ նույն հարցման արդյունքների, կարծում է, որ այլ պետությունները ինտերնետը օգտագործում են Ռուսաստանի և նրա շահերի դեմ:
Սակայն սրա հետ մեկտեղ, հարցվածների միայն մեկ երրորդն է ասել, որ ինտերնետը ընդհանուր առմամբ բացասական ազդեցություն ունի:
Հավելենք, որ, օրինակ, վերջին օրերին ռուսական ինտերնետում ամենաքննարկվող թեման նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի և գեղասահորդուհի, օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկայի հարսանիքն էր, որը մեծ շուքով անցել է Սոչիում: Հարսանիքի լուսանկարներում Պուտինի խոսնակի թևին մի ժամացույց է, որի արժեքը 600 հազար դոլարից ավելի է․ եթե հավատանք վերը նշված հարցման արդյունքներին՝ ռուսաստանցիները կգերադասեին ինտերնետ չունենալ և այդ մասին չիմանալ:
Հավելենք, որ, օրինակ, Հյուսիսային Կորեայում ինտերնետն արգելված է: