Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է

Your browser doesn’t support HTML5

Այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ չորս տոկոսով։

Ոլորտի պատասխանատուները թվի անկումը կապում են ռուսական ռուբլու արժեզրկման հետ։ «Սպասենք մյուս եռամսյակի վիճակագրությանը», - ասաց զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

Մինչ այդ, «Ազատության»-ը հանդիպած զբոսաշրջիկները տպավորված էին Երևանով։ «Ես ակնկալիքներ չեմ ունեցել, հասցրել եմ փոքր-ինչ ծանոթանալ քաղաքի հետ, շատ գեղեցիկ է», - ասաց Ավստրիայից ժամանած զբոսաշրջիկը։

Ֆրանսիայից եկած երիտասարդներն էլ դժգոհ չեն Հայաստանում մատուցվող ծառայություններից, սակայն ասում են, որ մայրաքաղաքի և մարզերի միջև տարբերությունը աչքի է զարնում. գյուղերում ո՛չ ճանապարհներ կան, ո՛չ ծառայություններ, ո՛չ էլ տրանսպորտ։ «Երևանը շատ տարբեր է համայնքից, ուր մենք գործով այցելել էինք», - ասաց «Ազատության» զրուցակիցը։

Զբոսաշրջիկներից ավելի լավ զբոսաշրջության մասնագետներն են նկատում ոլորտի խնդիրները։ Զբոսաշրջիկների թվի նվազումը հնարավոր է կապված է ավիատոմսերի բարձր գնի հետ, ասում է ներգնա զբոսաշրջային գործակալության աշխատակից Սիրանուշ Սահակյանը։

«Բավականին թանկ են տոմսերը այս պահի դրությամբ, այսինքն՝ հարևան երկրներում հանգստանալն ավելի էժան է, մատչելի է։ Օրինակ՝ Վրաստանի տոմսերն ավելի մատչելի են, և բազմաթիվ հյուրեր նախընտրում են միանգամից Վրաստան այցելել, հետո` Հայաստան, կամ ընդհանրապես միայն Վրաստանում են կանգ առնում, որովհետև դեպի Հայաստան տոմսերը շատ թանկ են», - ասաց Սահակյանը։

Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի խոսքով, իրենք էլ գիտեն՝ դեպի Հայաստան ավիատոմսերն էժան չեն։

«Իհարկե, այսօր դեռևս արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն, բայց երկինքը բացել և բաց միանգամից շուկայական հարաբերություններ սահմանել, դա նաև նշանակում է ենթադրել, որ պետք է ժամանակ անցնի, աշխատանքներ պետք է տարվեն», - ասաց Ապրեսյանը։

Բաց երկնքի քաղաքականություն Հայաստանն իրականացնում է 2013 թվականից։ Դրական առաջընթաց մասնագետները դեռ չեն նկատում, ավելին՝ մի քանի միջազգային ավիաընկերություններ, ինչպիսին են «Չեխական ավիաուղիներ»-ը և արաբական «Էթիհադ»-ը, վերջին տարում լքեցին Հայաստանը։

Զբոսաշրջությունն էլ հայտարարվել է Հայաստանի տնտեսության գերակա ուղղություններից մեկը 2004 թվականից։ Վերջին տասը տարում, սակայն, ոլորտի տասնյակ բարձրաձայնված խնդիրներն այդպես էլ չեն լուծվել, ասում է ներգնա զբոսաշրջության մեկ այլ մասնագետ՝ Լուիզա Արմենակյանը՝ որպես օրինակ մատնանշելով վատ ավտոճանապարհները։

«Որոշ տեղեր ընդհանրապես հնարավոր չէ գնալ, կամ ուղղակի վարորդը հրաժարվում է գնալ, որովհետև մեքենա չի գնում», - ասաց Արմենակյանը։

Եթե ճանապարհներ նորոգելը ֆինանսական միջոցներ պահանջող գործ է, ապա ճանապարհներին ցուցանակներ տեղադրելու հարցը նույնքան բարդ չի թվում։ Զբոսավարի խոսքով, Հայաստանում չկան միջազգային ստանդարտներին համապատասխանող ավտոճանապարահային նշաններ, չկան նաև ցուցանակներ շատ մշակութային հաստատությունների տարածքում։

«Քանի որ ճանապարհներին ոչ միշտ է, որ նշաններ են լինում՝ որ ուղղությամբ գնա, եթե ինքը ուզում է, ասենք, Տավուշի մարզի ինչ-որ գյուղ գնալ, շատ հնարավոր է, որ այդ նշանները ինքը չգտնի», - ասաց Արմենակյանը։

Փոքրիկ Հայաստանի ճանապարհներին ցուցանակներ տեղադրելու հարցը, սակայն, պաշտոնյային փոքր խնդիր չի թվում։

«Չէ, ինքն այդքան էլ փոքր և մեկ օրվա լուծվող խնդիր չէ, որովհետև սա իրենից ներկայացնում է մանրակրկիտ ուսումնասիրություն, և նաև միջազգային փորձի ուսումնասիրություն», - ասաց զբոսաշրջության վարչության պետը։