Փոքրիկ հողատարածքը՝ հարևանների կռվի առարկա

Your browser doesn’t support HTML5

Նույն տարածքի համար տարբեր ժամանակներում պատկան գերատեսչությունները երկու հարևաններին էլ սեփականության իրավունք են տվել։

Երևանի Աղբյուր Սերոբի փողոցում բնակվող լրագրող ամուսիններ Մհեր Ղալեչյանն ու Գայանե Խաչատրյանը վերջին երեք տարվա ընթացքում հաճախ ստիպված են աշխատանքից բացակայել ոստիկանների, թաղապետարանների աշխատակիցների հետ հանդիպելու ու Վարչական դատարան նիստերի գնալու համար։ Նրանց տան հարակից փոքրիկ տարածքը, որ ընկած է իրենց ու հարևանի տան միջև, պարզվում է՝ ոչ միայն իրենց սեփականությունն է, այլև՝ հարևանի։

«Սովորական դուռ է, բայց բացելու պրոցեսը ինքը բերում է կոնֆլիկտ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղալեչյանը։

Դուռը երկար բաց թողնել չեն կարող, դա զայրացնում է հարևան Վարդան և Նաթելլա Հովնիկյաններին։ Անցած կիրակի օրը բաց դռան պատճառով բռնկված հերթական վեճից հետո Ղալեչյանը ոստիկանների է հրավիրել։ Նրա խոսքով, հարևանը դուռը ուժեղ հարվածով փակել է. Գայանե Խաչատրյանը հարված է ստացել գլխին ու թևերին։ «Դռան առաջ ես էի կանգնած, նա դիտավորյալ է հարվածել», - ասաց Խաչատրյանը։

Աղբյուր Սերոբի 53/1 հասցեում գտնվող երկու սենյականոց տունը Գայանե Խաչատրյանի ընտանիքին է պատկանում դեռ խորհրդային ժամանակներից։ 2004 թվականին նրանք ձեռք են բերում սեփականության վկայական, որը տնից բացի ներառում է նաև տան հարակից 1.5 մետր լայնությամբ տարածքը, ուր բացվում է նրանց տան դուռը։ Իսկ նրանց տունը հարևանի տնից բաժանում է այժմ կռվախնձոր դարձած տարածքի մեջտեղով անցնող ցանկապատը։

«Տեսնո՞ւմ եք այս գազի խողովակը, ինչո՞ւ են խողովակը այսպես քաշել այն ժամանակ, որովհետև սահմանը, որ եղել է՝ ցանկապատը, հենց ցանկապատի վրա է եղել, հենց որպես սահման է ծառայել այս խողովակը», - ասաց Ղալեչյանը։

2012 թվականին հարևան Վարդան Հովնիկյանը քանդում է երկու տները բաժանող ցանկապատը, կտրում ծառը ու տների արանքում շինարարություն սկսում։

«Մեր թթենին կտրեց, ու ամբողջ պատմությունը սկսվեց», - ասաց Գայանե Խաչատրյանը։

Լրագրող ամուսինները դիմում են թաղապետարան՝ պահանջելով պարտավորեցնել հարևան Վարդան Հովնիկյանին դադարեցնել շինարարությունն ու վերացնել հետևանքները։ Այդ օրերին էլ պարզում են, որ հարևան Հովնիկյանները իրենցից մեկ տարի հետո նույնպես սեփականության վկայական են ձեռք բերել, որը ներառում է երկու տների միջև ընկած տարածքն ամբողջությամբ։

Վարդան Հովնիկյանը վերացնում է փողոցից իր տուն տանող աստիճանները ու սկսում օգտվել լրագրողների տուն տանող աստիճաններից, որը, ըստ հարևանի, պատկանում է իրեն։

2012 թվականին լրագրող ամուսինները դիմել են դատարան, արդեն երեք տարի Վարչական դատարանը քննում է գործը, բայց դատաքննության վերջը դեռ չի երևում։ Մինչ այդ, Մհեր Ղալեչյանն ու Գայանե Խաչատրյանը փորձում են հասկանալ՝ ինչպես կարող են երկու տարբեր անձինք նույն տարածքի սեփականատեր ճանաչվել։

«Մի շարք պետական ատյանների աշխատակիցների անփույթ, միգուցե հանցավո՞ր գործունեության, քայլերի արդյունքում ստեղծվել է այս կոնֆլիկտը, որի լուծումը, ցավոք սրտի, ո՛չ թաղապետարանն է տալիս, ո՛չ քաղաքապետարանը», - ասաց Ղալեչյանը։

Մինչ այդ, հարևան Հովնիկյաններն ասում են՝ լրագրող ամուսինները կեղծ թղթերով են դատարան դիմել։ Վարդանը և նրա կինը՝ Նաթելլա Հովնիկյանը նաև վստահ են՝ քաղաքապետարանում որևէ շփոթմունք տեղի չի ունեցել։

«Քաղաքապետարանը չի խաբել, ինքը լրիվ դակումենտով նայել է, լրիվ պարզել է, որ կողքը ազատ տարածք կա, օրինական ձևով, ինքը ինձ հատկացրել է։ Պետական կադաստրային արժեքը մուծելուց հետո սեփականության վկայականը հանձնել է ինձ», - ասաց Հովնիկյանը։

Նա պնդում է, որ մինչ գործարքը ինքը այլ վկայականի գոյության մասին տեղյակ չի եղել. - «Ես չեմ տեսել, ոչ մի մարդ չի եղել այստեղ, իրանք էլ այստեղ չեն բնակվել։ Իրենք երեք, չորս անգամ են եկել ստեղ»։

Մհեր Ղալեչյանը չի հերքում՝ մինչ վերանորոգումը վարձով էին բնակվում, իսկ այս տունը պատկանում էր իր կնոջ ընտանիքին։

«Իրանք էլ, որ եկել են, տենց ձևեր են թափում. ստեղ ո՛չ հաշվառված են իրենք, ո՛չ էլ ստեղ գրանցում ունեն, ձեր ասած լրագրող կոչեցյալները», - ասաց Հովնիկյանը։