Ցուցարարները արտասահմանցի լրագրողներին հորդորում են օբյեկտիվ լրատվություն տարածել

Your browser doesn’t support HTML5

«Ազատության» թղթակիցը զրուցել է երևանյան իրադարձությունները լուսաբանող արտասահմանցի լրագրողների հետ:

Ռուսական «Լայֆ նյուս» հեռուստաընկերության լրագրող Ելիզավետա Խրամցովան արդեն երրորդ օրն է լուսաբանում է Բաղրամյան պողոտայի իրադարձությունները։

Օրվա մեջ մի քանի անգամ Խրամցովան ստիպված է լինում ցուցարարներին հավաստիացնել, որ օբյեկտիվ է ներկայացնում տեսածը։ Այսօր էլ նրան մոտեցան մի խումբ ցուցարարներ՝ հորդորելով օբյեկտիվորեն ներկայացնել իրավիճակը:

«Ես կարող եմ ձեզ միայն մի բան ասել, որ Կիևի նման այստեղ ոչինչ չկա։ Ես Կիևում եղել եմ և կարող եմ ասել, որ սրանք երկու տարբեր իրավիճակներ են», - արձագանքեց նա։

Ալեքսեյ Սիմակովն ուկրաինական СТБ հեռուստաընկերության թղթակիցն է։ Լուսաբանել է ուկրաինական պատերազմի ամենաթեժ իրադարձությունները՝ սկսած Մայդանից։ Վերջին երեք օրերին Բաղրամյան պողոտայում է: Իր հետ անգամ հատուկ արտահագուստ է բերել՝ հնարավոր բախումների դեպքում պաշտպանվելու համար․ - «Ես կարծում էի, ինչպես մեր Մայդանում էր, այստեղ էլ վտանգավոր է լինելու, որ այստեղ էլ ցրում են, կրակում են։ Բայց Երևանում գտնվելով երեք օր, ոչ մի անգամ չեմ օգտվել լրագրողի այս արտահագուստից: Անհրաժեշտություն չի եղել»։

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ ակտիվիստները սրճարանում հանդիմանում են «Ռոսիա» հեռուստաընկերության հայազգի թղթակից Վիտալի Հարությունյանին ու պահանջում զուգահեռներ չտանել երևանյան ցույցերի և ուկրաինական Մայդանի միջև․ - «Այն, ինչ ես կարդում եմ ռուսական լուրերում, մեղմ ասած, ծիծաղելի է։ Եվ հատկապես այն, ինչ դու ես անում։ Ես քեզ ուղղակի, որպես տղամարդը տղամարդուն, ասում եմ՝ մի' վարվիր այդպես։ Այստեղ բոլորը նորմալ մարդիկ են, և պետք չէ այդպիսի սադրանքներ անել։ Ես քեզ ուղղակի խնդրում եմ. եղի՛ր ժողովրդի հետ, ասա՛ այն, ինչ կա։ Ոչ մի Մայդան այստեղ չկա»:

Լևոն Յուզբաշյանը, որ ուկրաինական պատերազմից հետո Օդեսայում թողել է բիզնեսն ու տունը և 3 ամիս առաջ վերադարձել Հայաստան, նույնպես համոզված է, որ Երևանի և Կիևի իրադարձությունների միջև նմանություններ չկան։

«Ամեն ինչ նրանից սկսվեց, որ կոնկրետ «Ռոսիա-24» ռուսական հեռուստաընկերության լրագրողը խեղաթյուրված նշեց, թե այստեղ կան հակառուսական տրամադրություններ, թե այստեղ Կիևի Մայդանից ուղարկված մարդիկ կան։ Այդպիսի ոչ մի բան չկա։ Այստեղ ուղղակի ոտքի է կանգնել հայ ժողովուրդը՝ իրենց սոցիալական իրավունքների պաշտպանության համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Ազգությամբ հայ Ռազմիկ Ավագյանը Շվեդիայից մեկ շաբաթ առաջ է եկել Հայաստան։ Բաղրամյան պողոտայի հարևանությամբ գտնվող հյուրանոցում է ապաստանել ու հետևում է ցույցերին․ - «Էն, ինչ որ տեսնում ենք, էն ա, որ հիմա տեսնում ենք, բայց էն, ինչ որ լսվում ա արտասահմանից, ավելի են ճոխացնում ու բարդացնում»։

Կենսաթոշակառուներ Վարդան Սաֆարյանն ու Ռոբերտ Ավետիսյանը գալիս են Բաղրամյան պողոտա՝ ամեն ինչ անձամբ տեսնելու համար։ Ասում են, որ տանը հաճախ ստիպված են լինում իրադարձություններին հետևել ռուսական լրատվամիջոցներով, որոնց մատուցումը «չի համապատասխանում իրականությանը»․ - «Իբր Ամերիկան ա խառնված, Մայդան ա, չգիտես ինչ ա... Սաղ սուտ ա»: