Բախումներ Կիևի կենտրոնում

Ուկրաինա - Ոստիկանները կարգի են հրավիրում բախումների մասնակիցներին, Կիև, 6-ը հունիսի, 2015թ․

Կիևում այսօր կեսօրին բախումներ են տեղի ունեցել ծայրահեղ աջ «Պրավիյ սեկտոր» կազմակերպության անդամների և սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող ակտիվիստների միջև: Վերջինները փորձում էին Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերում «Հավասարության շքերթ» անցկացնել` կոչ անելով պաշտպանել երկրում բնակվող բոլոր միասեռականների իրավունքները:

Շքերթին մասնակցում էր շուրջ 300 մարդ: Նրանց հսկող ոստիկաների թիվը հասնում էր 2 հազարի:

Չնայած ոստիկանական ուժերի նման առատությանը, սակայն, «Պրավիյ սեկտոր»-ի անդամներին հաջողվել է բախումներ հրահրել, որոնց արդյունքում իրավապահներից վեցը տեղափոխվել են հիվանդանոց: «Ոստիկաններից մեկի վիճակը ծանր է», - հաղորդում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը: