ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուները երկրորդ անգամ են քննություն անցնում

Your browser doesn’t support HTML5

Հայաստանում վերջին 24 տարիների հակաժողովրդավարության ամենավառ օրինակը 2008 թվականի «Մարտի 1»-ի դեպքերն են, պնդեցին այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի դատավորի պաշտոնի համար պայքարող միանգամից 3 թեկնածուները:

Հատկանշական է, որ երեքն էլ՝ թե նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, թե միջազգային իրավունքի մասնագետ Արայիկ Ղազարյանը, և թե գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը հաղթող էին ճանաչվել նույն պաշտոնի համար ամիսներ առաջ անցկացված նախորդ մրցույթում,որը, սակայն, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով ուժը կորցրած էր ճանաչվել:

Այսօր արդեն երկրորդ անգամ պատասխանելով մրցութային հանձնաժողովի հարցերին՝ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը շեշտեց, որ «Մարտի 1»-ից հետո ևս իրավապահ մարմինները չտվեցին իրադարձությունների արդարացի և իրական գնահատականը:

«Այդ հարցերը իրենց վերջնական լուծում չեն ստացել, լուծումը միայն այն չէ, որ օրենք ընդունվեց, կա մինչ որ բան: Լուծումը մարդկային հարաբերություններն են և մտածելակերպն է, և եթե մարդիկ իրենց մտածողության մեջ չեն հարմարվել դրա հետ, բայց պարզապես չեն արտահայտվում, դա դեռ ոչինչ չի նշանակում: Ամենատվանգավոր բանը այն չէ, որ մարդիկ ընդդիմանում են, այլ նա է որ մարդիկ անտարբերանում են, և սրանից պետք է խուսափել», - ասաց Արմեն Հարությունյանը:

Նելիկ Հարությունյանը, ով նախորդ մրցույթի ժամանակ 58 միավորով զբաղեցրել էր 9-րդ տեղը և եռյակում հայտնվել միայն սեռերի ներկայացվածության սկզբունքի ապահովման նպատակով, հարցազրույցի ժամանակ «Մարտի 1»-ի դեպքերը համարեց երկրի պատմության ամենահակաժողովդրավարական իրադարձությունը, այդուհանդերձ պնդեց, որ Հայաստանն այդ պահին պազրապես պատրաստ չէր այդպիսի իրադարձության:

«Եվ ժողովուրդը, և իրավապահ մարմինները պատրաստ չէին նման մեծամասշտաբ և նման անկանխատեսելի հետևանքների, և կարծում եմ, որ դա իրոք մեծ դաս եղավ բոլոր կողմերին», - ասաց գլխավոր դատախազության պաշտոնյան:

«Անարդարության, խտրականության, հակաժողովրդավարության դեպքերը քիչ չեն Հայաստանում և մարտի 1-ն հաջորդող մարդաորսը ևս ոչ մի կերպ չի տեղավորվում ժողովրդավարության համատեքստում», - հարցազրույցից հետո արդեն լրագրողենրի հետ զրույցում ասաց Արայիկ Ղազարյանը, ով նախորդ մրցույթի ժամանակ երկրորդ տեղն էր զբաղեցրել՝ հավելելով․ - «Եթե լիներ 4-րդ հարցը, ես կասեի, որ էդ մարդաորսն է, որը շարունակվում է մինչև այժմ, որ ոստիկանությունը անտեղի առանց հիմնավոր կասկածի, որ անձը կատարել է կամ պատրաստվում է կատարել հանցագործություն, տանում է ոստիկանություն»:

Նախորդ մրցույթից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախարարների կոմիտեի խորհրդատվական խումբը կարծիք էր հայտնել, որ Հայաստանի կողմից ներկայացված թեկնածուներից մեկը ոչ ամբողջովին է համապատասխանում «ճանաչված իրազեկ իրավագետ» լինելու չափանիշին: Թե կոնկրետ ո՞ր պահանջին չեն համապատասխանել Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանն ու Նելիկ Հարությունյանը, անհայտ է։ Այդուհանդերձ, երեք թեկնածուներն էլ այսօր նորից հավակնում են այս պաշտոնին:

«Եվ ավելի շատ իմ անվան հետ չի դա կապված, ավելի շատ շահարկում էր: Դե դա մեր հայկական իրականությունն է, մի քիչ ես հետ էի սովորել, վերհիշեցի այդ ամենը, որովհետև շատ լուրջ խախտում էր: Նույնիսկ այդ խախտման հիման վրա քաղաքացուն ոչ միայն պետք էր զրկել այդ քննությանը մասնակցությունից, այլ պետք էր հարց բարձրացնել, թե նա իրավունք ունի Հայաստան գալու, թե՝ ոչ», - ասաց Արմեն Հարությունյանը:

«Նույն գետը երկու անգամ չեն մտնում», - արձագանքեց Նելիկ Հարությունյանը:

«Դա նրանց իրավունքն է, մենք բոլորս պարտավոր ենք հարգել նրանց իրավունքը», - ընդգծեց Արայիկ Հարությունյանը:

Ստրասբուրգյան դատարանում Հայաստանի դատավորի պաշտոնին հավակնում է 14 թեկնածու: Վաղը հանձնաժողովի հարցերին կպատասխանեն մյուս 6 թեկնածուները, այդ թվում՝ նախորդ մրցությին 4-րդ տեղը զբաղեցրած Վահե Գրիգորյանը: