«Դեկտեմբերի սկզբին Շվեյցարիայի Բազել քաղաքում կարող է անցկացվել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հերթական հանդիպումը, որին կմիանան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները», - Հունգարիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մամեդյարովն ասել է, որ փարիզյան հանդիպմանը ծավալվել են լայն քննարկումներ:
«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդգծել է, որ ժամանակն է աշխատելու խաղաղության պայմանագրի վրա։ Ինչպես հայտնի է, կան Մադրիդյան սկզբունքները, ճիշտ է, որոշ պահեր դեռևս համաձայնեցված չեն։ Այդ հակամարտությունը չի կարող մեկ օրում կարգավորվել։ Մենք պետք է շարունակենք քննարկումներն այն հարցերի շուրջ, որոնք դեռևս համաձայնեցված չեն։ Հնարավոր է, որ մոտ ապագայում կրկին անհրաժեշտություն առաջանա նախագահների մակարդակով հանդիպման», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Մամեդյարովը նաև նշել է, որ Ադրբեջանը կարևոր է համարում խաղաղության պայմանագրի աշխատանքների ավարտումը։
«Մենք ուզում ենք, որպեսզի կապեր հաստատվեն՝ հարաբերություններ համայնքների միջև», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։