Պաշտոնական Երևանը հերքում է Բաքվից հնչող հայտարարությունները

Your browser doesn’t support HTML5

Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է ձախողել Մինսկի խմբի հովանու ներքո շարունակվող բանակցային գործընթացը:

Պաշտոնական Երևանը հերքում է Բաքվից հնչող հայտարարությունները, թե Մինսկի խմբի համանախագահները կողմերին առաջարկել են փորձագետների մակարդակով բանակցություններ սկսել։

Հինգշաբթի երեկոյան ընդունելով Ռուսաստանը և Ֆրանսիան ներկայացնող Իգոր Պոպովին ու Պիեռ Անդրիոյին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, թե ադրբեջանական կողմը ցանկալին իրականության տեղ մատուցելով՝ մտացածին հայտարարություններ է անում՝ Փարիզում կայանալիք հանդիպումից առաջ ևս մեկ անգամ ցույց տալով իր անլուրջ մոտեցումը:

Բաքվից Երևան ժամանած համանախագահները նախապատրաստում են Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը այս ամսվա վերջին:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուս և ֆրանսիացի դիվանագետներին ասել էր, թե Բաքուն լուրջ տեղաշարժ է ակնկալում Ֆրանսիայում կայանալիք բանակցություններից և կողմնակից է հակամարտության լուծման խաղաղ պայմանագրի «արագացված նախապատրաստմանը»:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղակավարը, մինչդեռ, համանախագահներին տրամագծորեն հակառակն է ասել՝ պնդելով, թե իրականում իր ապակառուցողական քայլերով Ադրբեջանը ցույց է տալիս, որ պատրաստ չէ հիմնախնդրի կարգավորմանը։

Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, թե ձևացնելով, որ իբր պատրաստ է սկսել խաղաղության պայմանագրի մշակումը, Բաքուն մի կողմից փորձում է հիմնախնդրի շուրջ քննարկումները տեղափոխել այլ հարթակներ, մյուս կողմից` ձախողել Մինսկի խմբի հովանու ներքո վերջին տարիներին շարունակվող բանակցային գործընթացը:

Ավելին, Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ Փարիզում նախագահների հանդիպմանն ընդառաջ ադրբեջանական զինուժը բազմապատկել է հրադադարի ռեժիմի խախտումները: Նալբանդյանի բնորոշմամբ՝ սա Բաքվի սովորական գործելաոճն է բարձր մակարդակի բանակցություններից առաջ։

Ռուս և ֆրանսիացի դիվանագետները երեկվա հանդիպումից հետո բավական զուսպ արտահայտվեցին փարիզյան բանակցություններից իրենց ակնկալիքների մասին՝ «տեսնենք՝ ինչ կլինի»:

Ամերիկացի համանախագահը այս այցին չի միացել ընտանեկան պատճառներով: Դիվանագետներին այսօր ընդունել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը։ Ակնկալվում է, որ Մինսկի խումբը հանդես կգա տարածաշրջանային այցն ամփոփող հայտարարությամբ: Ի դեպ, այս անգամ Մինսկի խումբը շրջանցեց Ստեփանակերտը, ինչը Պիեռ Անդրիոն բավական ուշագրավ մեկնաբանեց․ - «Որովհետև մենք այցելել ենք նախորդ անգամ, իսկ այս անգամ չենք այցելելու»:

Ստեփանակերտում կարծում են՝ համանախագահները Ղարաբաղ չգնացին, քանի որ տարածաշրջանային այցի հիմնական նպատակը Օլանդ-Սարգսյան-Ալիև հանդիպումը նախապատրաստելն էր։

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը արտառոց բան չի տեսնում այստեղ.- «Երբ որոշեն, որ Արցախի Հանրապետության նախագահը պետք է մասնակցի, այն ժամանակ է՝ բնական է կայցելեն նաև Ստեփանակերտ։ Դա ուշ, թե շուտ լինելու է»։

Ղարաբաղում նկատել են՝ համանախագահների հետ վերջին հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարարը փոխել էր բառապաշարը, խաղարար դիրքերից էր խոսում: Դավիթ Բաբայանի համոզմամբ, սա առաջին հերթին ուղղված է արտաքին աշխարհին.- «Որպեսզի բոլոր չարաշահումները, մարդու իրավունքների պաշտպանների ձերբակալությունները, ընդդիմության ներկայացուցիչների ճնշումները, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները քողարկեն և փորձեն այնպես անել, որպեսզի միջազգային հանրությունը, հաշվի առնելով արտաքին քաղաքական կարևորությունը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ժամանակավորապես աչք փակի»։

Փարիզում կայանալիք հանդիպումից պաշտոնական Ստեփանակերտը բեկում չի ակնկալում, տարիների փորձն է հուշում.- «Այսպիսի հանդիպումները շատ կարևոր են իրավիճակը կայուն, խաղաղ պահելու տեսանկյունից։ Իսկ վերջնական կարգավորման առումով դեռևս շատ վաղ է ակնկալել ինչ-որ փոփոխություն։ Մանավանդ Ալիևը այսօր հայտարարել է, որ չի տեսնում հակամարտության կարգավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս»։

Դավիթ Բաբայանն ասում է՝ բանակցությունների սեղանին դրված Մադրիդյան սկզբունքները ձախողվել են, ազատագրված 7 շրջանների վերադարձը նախատեսող այս փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղում չեն քննարկի մինչև Բակո Սահակյանն էլ չմասնակցի Ալիև-Սարգսյան հանդիպումներին։

«Մադրիդյան սկզբունքները վերջնական չեն, չեն ընդունվել բոլոր կողմերի կողմից, դրանք ուղղակի առաջարկներ են»,- ասաց Ղարաբաղի նախագահի խոսնակը։