Հակառակորդի գնդակից հայ զինվոր է վիրավորվել

Հայկական բանակի զինվորը դիրքերում, արխիվ

Երեկ ժամը 16:15-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի զորամասերից մեկի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված անկանոն կրակահերթի արդյունքում ծնկի շրջանում վիրավորում է ստացել Ղարաբաղի Պաշտպանության բանակի 19-ամյա զինծառայող Հովհաննես Անդրանիկի Թադևոսյանը:

«Հուլիս-օգոստոսյան աննախադեպ լարվածության անկումից հետո, որը հնարավոր եղավ ապահովել Պաշտպանության բանակի վճռական գործողությունների շնորհիվ, սա առաջնային գծում հակառակորդի կողմից սադրված հերթական միջադեպն է, որից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմը նորից որդեգրել է իրավիճակի միտումնավոր ապակայունացմանն ուղղված անհեռատես ճանապարհը: Վերջին օրերին հակառակորդը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը քառապատկել է», - ասված է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված գործողություններից և քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

«Առաջնագծում իրադրության հետագա սրման դեպքում Պաշտպանության բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները հակառակորդին լռեցնելու համար», - ասված է հաղորդագրությունում։