Հայտնի են ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի թեկնածուների անունները

Your browser doesn’t support HTML5

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի ընտրության մրցույթում հաղթել են նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արայիկ Ղազարյանը և Գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը:

Մրցութային փուլը հաղթահարած երեք թեկնածուների անունները ներկայացվելու են Սերժ Սարգսյանին՝ հաստատելու կամ մերժելու:

Նախագահի վավերացման դեպքում Եվրադատարանում Հայաստանի դատավորի պաշտոնում այս թեկնածուներից մեկին ընտրելու է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը:

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած մրցութային հանձնաժողովը ամենաբարձրը գնահատել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանի կարողությունները՝ նրան շնորհելով շուրջ 96 միավոր: Երկրորդ հորիզոնականում հայտնված Արայիկ Ղազարյանը վաստակել է մոտ 84 միավոր, իսկ Նելիկ Հարությունյանը՝ շուրջ 58: Վերջինս ըստ վաստակած միավորների 9 թեկնածուներից գրավել է նախավերջին՝ 8-րդ տեղը: Սակայն հաշվի առնելով, որ հաղթողների առաջին եռյակում չի եղել իգական սեռի մասնակից, հանձնաժողովը երրորդ տեղը զբաղեցրած ԵՊՀ դասախոս Վիգեն Քոչարյանին փոխարինել է Նելիկ Հարությունյանով:

«Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության ներկայացուցիչները, դիտարկելով մրվույթի ընթացքը, հայտարարել էին, թե ամենաշատ միավորներ հավաքած Արմեն Հարությունյանը «խայտառակ խախտումներով» է դիմել մրցույթին՝ ուշանալով փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետից: Մրցույթին հետևող կազմակերպությունը նույն խախտումն արձանագրել էր նաև դատավորներ Նորա Կարապետյանի և Արայիկ Մելքումյանի դեպքում: Գլխավոր դատախազից, Արդարադատության նախարարից, օմբուդսմենից և այլ բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված հանձնաժողովը, սակայն, հարցազրույցի մասնակիցների ցանկից հանել է միայն երկու դատավորներին` պատճառաբանելով, թե նրանք հրավիրել են պարզաբանումներ տալու: Նորա Կարապետյանը և Արայիկ Մելքումյանը, սակայն, դիմում են գրել՝ խնդրելով իրենց դուրս թողնել մրցույթից:

Իսկ ահա Արմեն Հարությունյանի պարագայում, հանձնաժաղովը բավարավել է միայն փաստաթղթերն ուսումնասիրելով՝ նրան չկանչելով լրացուցիչ բացատրություններ տալու: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն է առաջարկել նախկին օմբուդսմենի գրանցումը համարել պատշաճ:

«Իրավունքի Եվրոպա միավորման» դիտորդ Մուշեղ Շուշանյանը ծանոթանալով հանձնաժողովի արձանագրությանը՝ ասաց, թե իր համար հասկանալի չէ, թե ինչի հիման վրա է հանձնաժողովը որոշել թեկնածուներից երկուսին կանչել բացատրություններ տալու, իսկ Արմեն Հարությունյանին՝ ոչ:

Մուշեղ Շուշանյանը հիշեցրեց, որ Արմեն Հարությունյանը բավական տարօրինակ պայմաններում էր հանձնել փաստաթղերը. առձեռն փոխանցելու փոխարեն նախկին օմբուդսմենը գերադասել էր վերջին պահին հայտն ուղարկել փոստով, այն էլ` Արդադատության նախարարության հասցեն սպասարկող փոստային բաժանմունքից. - «Արմեն Հարությունյանը փաստաթղթերը փոստով առաքելիս գտնվել է Արդարադատության նախարարության մոտակայքում, բայց ինչ-ինչ պատճառներով նախընտրել է փոստով հանձնել»:

«Իրավունքի Եվրոպա միավորումը» մրցույթի անաչառության ամփոփիչ գնահատական է տալու՝ մասնագետների օգնությամբ լսելով հարցազրույցների ձայնագրությունները:

Մինչ այդ բանավոր քննությանը որպես դիտորդ հետևած Մուշեղ Շուշանյանը արդեն իսկ կանխակալ է որակում հրապարակված արդյունքները. - «Հանձնաժողովի կողմից հարցազրույցի օբյեկտիվ գնահատում տեղի չի ունեցել: Խոսքը գնում է առհասարակ մրցույթի իրականացման արդարացիության սկզբունքի խախտման մասին»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարան բազմաթիվ բողոքներ ներկայացրած Մուշեղ Շուշանյանը համոզված է, որ իշխանությունները ուզում են անպայման իրենց ներկայացուցիչը, վերահսկելի մեկը գործուղվի Ստրասբուրգ: Նրա միջոցով կվերահսկվեն Հայաստանից Եվրադատարան ուղարկված դիմումները:

Ըստ Շուշանյանի, դա վկայում է նաեւ 2003-ից թվականից այս պաշտոնում նշանակված Ալվինա Գյուլումյանի գործունեության գնահատումը. - «Շատ գործեր, որոնց քննությունը ձգվում էր յոթ, ութ և ավելի տարիներ, հենց պայմանավորված էր տիկին Գյուլումյանի գործունեությամբ»: