Հայաստանը բանակցություններ է վարելու Իրանից գազ գնելու շուրջ

Ինչպես «Ազատությանը» այսօր փոխանցեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Հայաստանը բանակցություններ է վարելու Իրանի հետ գազ գնելու հարցի շուրջ:

Նա ընդգծեց, որ խոսքը «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի մասին չէ, այլ վերաբերում է սպառման համար գազ գնելուն: Ընդ որում, նախարարը չբացառեց, որ Հայաստանը կարող է Իրանից գնել մեզ անհրաժեշտ բնական գազի ողջ ծավալը՝ տարեկան մոտ 2 միլիարդ խորանարդ մետր:

Շաբաթ օրը «Ազատության» հետ զրույցում Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռայիսին չբացառեց, որ մայիսին Թեհրանում կայանալիք հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ կքննարկվի նաև Իրանից գազ գնելու հարցը:

Հարցին, թե հնարավո՞ր է Իրանը նոր առաջարկներ անի Հայաստանին գազի վաճառքի վերաբերյալ, դեսպանը պատասխանել էր․ - «Հնարավոր է: Դա կախված է բանակցություններից: Մայիսին Թեհրանում տեղի ունենալիք հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստում կարող է քննարկվել նաև այդ հարցը»:

Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանի կարծիքով, Արմեն Մովսիսյանի խոսքերը ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանությունները փորձում են հնարավորինս բազմազանեցնել երկիր եկող էներգետիկ հոսքերը․ - «Այս առումով իրանական գազը միշտ էլ հետաքրքիր այլընտրանք է եղել Հայաստանի թե՛ անմիջական էլեկտրաէներգետիկ ոլորտի, թե՛ ընդհանուր էներգետիկ ոլորտի՝ նաև ջերմամատակարարման, կոմունալ-կենցաղային և արդյունաբերական սպառման համար օգտագործվող գազի տեսանկյունից»:

Ըստ Մարջանյանի, այս կոնտեքստում պետք է դիտարկել հունվարին Հայաստանի կառավարության և ամերիկյան Contour Global ընկերության միջև Որոտանի համալիրի առքուվաճառքի մասին կնքված պայմանագիրը:

Բացի այդ, փորձագետի խոսքով, ուշագրավ էր նաև մեր երկրում Իրանի դեսպանի աղմուկ հանած հայտարարությունը՝ Հայաստանին իրանական գազի վաճառելու վերաբերյալ, որը արվեց հայ-ռուսական գազային պայմանավորվածությունների ֆոնին:

«Այո, Միացյալ Նահանգների ընկերության կողմից Որոտանի ՀԷԿ-ի գնումը աննախադեպ երևույթ էր, դա շատ խոշոր ներդրում էր, և ցույց է տալիս Հայաստանի էներգետիկ ոլորտի ռազմավարությունը՝ հնարավորինս հավասարակշռել իրավիճակը այստեղ», - նշեց Մարջանյանը:

Հիշեցնենք՝ հենց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն էր, ով այս հունվարին Մոսկվայում Հայաստանի կառավարության անունից պայմանագիր կնքեց «Գազպրոմ»-ի հետ, ըստ որի հայկական կողմը ռուսական էներգետիկ հսկային զիջեց «Հայռուսգազարդ»-ում մեզ պատկանող վերջին 20 տոկոսբաժնեմասը, և այժմ հայաստանյան գազատրանսպորտային համակարգը ամբողջովին պատկանում է «Գազպրոմ»-ին: Բացի այդ, Հայաստանի կառավարությունը պարտավորվել է մինչև 2043 թվականը Ռուսաստանից գազ գնելու դեպքում՝ այն գնել միայն «Գազպրոմ»-ից:

Հայաստանի իշխանությունների գազային այդ պայմանավորվածություններն արժանացան ընդդիմադիր դաշտի խիստ քննադատությանը, այն ագամ անվանեցին «ստրկացուցիչ»: