Ուկրաինական զարգացումները կհարվածեն Հայաստանի տնտեսությանը․ Բագրատյան

Your browser doesn’t support HTML5

Ուկրաինական իրադարձությունների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կզգանք ապրիլ-մայիս ամիսներին, «Ազատության» հետ զրույցում ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրա կանխատեսմամբ առանց այն էլ նվազող տրանսֆերտներն էլի կկրճատվեն:

«Մենք տուժում ենք երկու բանով․ որովհետև հայկական բանկային համակարգից արևմուտքում իրավիճակը լավանալու հետ կապված փող են դուրս հանում՝ չէ՞ որ մեր հայկական բանկային համակարգում առկա կապիտալի մի զգալի մասը արևմտյան փող է: Եվ երկրորդը՝ Ռուսաստանում վիճակը վատանում է, տրանսֆերտները այնպես չեն աճում, ինչպես չեն աճում, ինչպես կարելի է՝ նրանք չեն պակասում, բայց մենք սպասում էինք աճ 15-20 տոկոս, դրա վրա հաշվարկ էինք անում, որպեսզի տնտեսական աճ ունենանք: Դա չունենք», - մեկնաբանեց նա:

Նախկին վարչապետն ասում է՝ այս տարի տնտեսական աճ չի ակնկալվում, եթե գյուղատնտեսության ոլորտում թվեր չմոգոնեն:

«Մենք արդեն տեսնում ենք՝ իջավ տնտեսական աճը անցյալ տարի 3 տոկոս, այս տարի արդեն 1 տոկոս: Մենք ընդհանրապես ցանկացած տնտեսական աճի մասին արդեն պիտի Աստծո պես պաշտենք Սերժ Սարգսյանին ու Տիգրան Սարգսյանին, որ անկում չկա: Այսինքն, մենք այդ վիճակին ենք հասել՝ վճարում ենք», - հավելեց Հրանտ Բարգրատյանը:

Ռուբլին չի վերականգնի իր նախկին դիրքերը, իսկ ռուսական արժույթի էժանացումը կարող է նոր բացասական հետևանքների հանգեցնել՝ կանխատեսում է նախկին վարչապետը:

«Ռուբլու էժանացումը բերելու է վառելիք, մասնավորապես գազ արտահանող ընկերությունների մոտ ինքնարժեքի բարձրացման և ճնշումը ավելանալու է գնի բարձրացման», - նշեց Հրանտ Բագրատյանը՝ չբացառելով նոր գնաճի հնարավորությունը:

Նախկին վարչապետի խոսքով, Մաքսային միության տարածքից օգտվելու մեր հնարավորությունները նվազում են: Առանց այն էլ մեր տնտեսության կառուցվածքն այնպիսին է, ասում է տնտեսագետը, որ Մաքսային միությանը միանալով՝ վիճակն ավելի կվատթարանա․ - «Վստահ եմ՝ չէին ուզենա, որ Հայաստանը դառնար թութք: Հիմա ժամանակն է, որ Ռուսները կուզենային, որ Հայաստանում որևէ ձևով տնտեսությունը ինքնակազմակերպվեր: Եվ չեմ էլ թաքցնում՝ ռուսները հիմա դեմ չէին լինի, որ Հայաստանում նորմալ իշխանություն լիներ, որ որը այդ գործով զբաղվում է: Համենայնդեպս, տնտեսական վիճակի բարդացումը Ռուսաստանում սահմանափակում է մեր հնարավորությունները՝ օգտվելու Մաքսային միության տարածքներից»:

Ուկրաինա ռուսական զորքեր մտցնելու անհրաժեշտություն չկա: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այս որոշումը Բագրատյանը մի բառով բնութագրեց՝ ռեսուրս չուներ: Նախկին վարչապետի խոսքով, այդ հարցում քիչ դեր չխաղացին նաև Արևմուտքի պատժամիջոցները: Ուկրաինական իրադարձություններով պայմանավորված՝ Կանադան սառեցրեց Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը: Ռազմական և առևտրային կապերը խզելու մասին երեկ նաև Միացյալ Նահանգները հայտարարեց, Եվրամիությունը ևս պատժամիջոցներով սպառնաց:

«Պուտինը զգաց, որ երկու օրում էկոնոմիկան կարող է քանդվել, որովհետև էկոնոմիկա, որպես այդպիսին՝ Ռուսաստանը չունի: Էկոնոմիկա է, որը արտահանում է էներգակիր: Իշխանության մեջ գտնվելու 16-17 տարիների ընթացքում սա Պուտինի ամենամեծ կիքսն է, և նույնիսկ զարմացած եմ քայլերի հաշվարկների վրա՝ չէին հաշվել», - ասում է նախկին վարչապետը:

Ի տարբերություն Ռուսաստանի, կարծում է Բագրատյանը, ուկրաինական տնտեսությունը վերջին իրադարձությունների ֆոնին չքանդվեց: