Ծախսված գազի գինը՝ քաղաքացիների զարմանքի ու զայրույթի պատճառ

Your browser doesn’t support HTML5

Փոստային բաժանմունքներից մեկում այսօր սպառած գազի համար վճարող քաղաքացիներից ոմանք տեղեկանալով սպառած գազի դիմաց առաջացած գումարի մասին, զարմանում էին, ոմանք էլ զայրանում:

Քաղաքացիները մեզ հետ զրույցում ասում էին, որ ստիպված են վճարել սպառած գազի դիմաց, քանի որ այլընտրանք չունեն:

Մի սիրիահայ, որը Երևանում տուն է վարձել, անակնկալի էր եկել սպառած գազի դիմաց գոյացած գումարից

Մեզ հանդիպած քաղաքացիների մի մասն էլ դժգոհ է գազի որակից:

«Հայռուսգազարդ» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ 2012 թվականի դեկտեմբեր ամսվա համեմատ նախորդ տարի դեկտեմբերին գազի սպառման ծավալները մեծացել են, եթե 2012 թվականին բնակչությունը սպառել է մոտ 85 միլիոն խորանարդ մետր գազ, ապա 2013 թվականի դեկտեմբերին սպառումը կազմել է մոտ 120 միլիոն խորանարդ մետր:

Ինչ վերաբերում է Ռուսաստանից Հայաստան ներկրվող և բնակիչներին մատակարարվող բնական գազի որակին, ապա Շուշան Սարդարյանն ասում է, որ այն համապատասխանում է միջպետական ստանդարտներին, ստուգումներ իրականացվում են ամեն օր, Հայաստան ներկրվող գազի ջերմատվության արժեքը փաստացի բարձր է եղել ութ հազար կիլոկալորիայից:

«Բազմաթիվ անգամներ պատրաստակամություն ենք հայտնել տրամադրել մեր շարժական լաբորատորիաները ցանկացած հասցեում, ցանկացած ժամանակ, փորձագետների մասնակցությամբ, նախաձեռնող խմբերի առաջարկությամբ, գազի որակական հատկանիշների ստուգումներ անցկացնելու հետ կապված», - հավելեց նա:

Հասարակական պաշտպանների միության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ժամանակին իրենց կազմակերպությունը ևս մասնակցել է գազի որակական ստուգումներին, այդուհանդերձ, ըստ Գրիգորյանի` «վերջին տարիներին նման ստուգումներ մեր մասնակցությամբ չի իրականանում, և եթե մեր մասնակցությամբ չի իրականանում, ապա «Հայռուսգազարդի» հայտարարությունը ինձ համար այնքան էլ արժանահավատ չէ»:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում այս օրերին ակտիվորեն քննարկվում է դեկտեմբերին կուտակված գազի վարձավճարների թեման: «Եկեք կանխենք գազի թանկացումը» խմբում օգտատերերը հեգնական համեմատություններ են անցկացնում, թե ով է դեկտեմբերին ավելի շատ վճարել գազի սպառման համար: