ՎՊ-ի հաշվետվությանն անդրադարձավ նաև ԿԳ նախարարը

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան

Ըստ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի կարծիքով Հայաստանի «բյուջեն թալանված չէ»:

«Թալան, կողոպուտ, լափել բառերը դուք չեք գտնի Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ, իսկ քաղաքական գործիչների քաղաքական ելույթների մասին դուք կարող մեկնաբանություն ստանալ կա՛մ իրենցից, կա՛մ քաղաքական մեկնաբաններից: Ես ինձ դասում եմ քաղաքական գործիչների դասին եւ հայտնում եմ իմ անձնական քաղաքական կարծիքը», - հայտարարեց Աշոտյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է մեկնաբանում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի արտահայտությունը, թե պետական բյուջեն թալանվել է:

Կրթության նախարարը, այնուամենայնիվ, Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքների մի զգալի մասը ընդունում է ու համարում օգտակար, իսկ առարկութուններն արդեն փոխանցել են Վերահսկիչ պալատ:

Մասնավորապես, Վերահսկիչ պալատը նկատել էր, որ նախարարությունը նախատեսել էր սկսել նոր ծրագիր` ուսանողական վարկեր տրամադրելու, և ծրագրի նախապատրաստական փուլում վարկային միջոցներից ծախսվել է ավելի քան 34 միլիոն դրամ, իսկ վարկային ծրագիրը այդպես էլ չի իրականացվել:

«Ծրագիրը իրականացնելու համար մենք միջազգային և տեղական փորձագետների ենք ներգրավել, մշակվել են համապատասխան նյութերը և ուսանողական վարկերի վերաբերյալ բուռն քննարկումներից հետո Կառավարությունը եկավ այն եզրակացության որ ուսանողական վարկերի Արևելյան Եվրոպայի փորձը կիրառելի չէ Հայաստանում, որովհետև վճարունակության խնդիր կա: Համապատասխան վարձատրություն ստացած փորձագետների աշխատանքի արդյունքը եղել է այն, որ այդ մոդելը մերժվել է: Վերահսկիչ պալատը այս ծախսը համարել է ոչ նպատակային ծախս», - ասաց Աշոտյանը:

Նախարարը չհամաձայնեց նաեւ պալատի նկատած մեկ այլ խախտման հետ. կրկին վարկային միջոցներով նախարարությունը իրականացրել էր դպրոցների տնօրենների վերապատրաստման ծրագրի նախապատրաստման փուլ` ծախսելով ավելի քան 69 միլիոն դրամ. մշակվել էր ձեռնարկ, ուղեցույց և այլն, բայց տնօրենները չէին վերապատրաստվել: Նախարարն ասաց, որ վերապատրաստման ծրագիրը շատ ծախսատար էր, ու որոշեցին ավելի խնայողաբար ծախսել միջոցները, ուստի ծրագիրը հետաձգեցին, իսկ մշակված ձեռնարկները հետագայում անպայման օգտագործելու են:

Կրթության նախարարության ՊՈԱԿ-ներից մեկի` Կրթական տեխնոլոգիների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) գործունեությունը նույնպես ուսումնասիրվել է պալատի կողմից, նկատվել են մի շարք խախտումեր, որոցից մեկի համաձայն ավելի քան 400 դպրոցների ինտերնետ սպասարկման համար նախատեսվել էր ծախսել 82.5 միլիոն դրամ, բայց ծախսվել է միայն 50.5 միլիոն դրամը: Զեկույցը նշել է, որ համարյա 32 միլիոն չօգտագորված դրամը ենթակա է փոխանցման պետական բյուջե:

Նախարարն այս մասին ասաց, որ իրենք այդ 32 միլիոն տնտեսել էին եւ ցանկանում էին ներդնել ԿՏԱԿ-ի այլ ծրագրերում, բայց քանի որ Վերահսկիչ պալատը նշել է, որ «այդ միջոցները պետք է վերականգնվեն պետական բյուջե, այդպես էլ արվել է»: