Երեւանում հերթական այգին շինհրապարակի է վերածվել:
Դավթաշեն վարչական համայնքում գտնվող «Դեյզի» այգու տարածքում, որը պատկանում է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանին, ծառեր են հատվել, տարածքը ամբողջովին ցանկապատել են եւ մի ցուցանակ կպցրել այն մասին, որ այստեղ կառուցվելու է բազմաֆունկցիոնալ մանկական կենտրոն:
Թեեւ բնակիչները ափսոսանքով ու ցավով էին խոսում հատված կամ արմատախիլ եղած ծառերի մասին, սակայն նաեւ շեշտում են, որ ոչինչ չեն կարող անել, քանի որ այգու տարածքը մասնավոր սեփականություն է:
Բնապահպան ակտիվիստ Արթուր Ավթանդիլյանն ասում է` հատկապես երբ բնակիչներն այնքան էլ մտահոգված չեն ծառահատումներով, ապա ակտիվիստների դերը ավելի է ստորադասվում:
«Փորձում են հանրության հաշվին հանրությանը լավություն անել, այգին հստակ ենթակառուցվածքներ ուներ, սալահատակված էր, ոռոգման համակարգ ուներ, ծառերի մոտավոր տարիքը 20-30 տարեկան էր, ու այս ամենը չկա: Ինչո՞ւ… որովհետեւ ինչ-որ մեկը ժամանակին ինչ-որ մի թուղթ է ստորագրել, որի հիման վրա այս տարածքը հանրայինից դարձել է մասնավոր», - ասում է բնապահպան ակտիվիստը:
Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանը փոխանցեց, որ սեփականաշնորհված տարածքում նախարարությունը որեւէ գործառույթ ունենալ չի կարող, եթե այնտեղ նույնիսկ հաստաբուն ծառեր հատվեն:
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ թեեւ այգին իր ղեկավարած տարածքում է, բայց ինքն անզոր է որեւէ կերպ միջամտել թե ծառահատման, թե շինարարական աշխատանքներին: Թաղապետը դժվարացավ նշել, թե կոնկրետ քանի ծառ է հատվել այս տարածքում, սակայն նշեց, որ ծառահատման երեւույթն իր համար անընդունելի է: Բաղդասարյանը նաեւ հավելեց, որ իր ղեկավարությամբ տարեկան 500-700 ծառ է տնկվում Դավթաշենում, եւ անձամբ ինքն է ծառ տնկում:
«Իսկ ծառ տնկող մարդը, չեմ կարծում, ուրախ կլինի, որ թեկուզ մասնավոր սեփականություն հանդիսացող որեւէ տարածքում ծառեր հատվեն: Որպես վարչական շրջանի ղեկավար` բացարձակ լծակ չունեմ այս պարագայում, որ գնանք, ենթադրենք, տուգանենք, պատասխանատվության ենթարկենք տնտեսվարողին», - ասաց Բաղդասարյանը:
ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց` 18 տարի է ինչ տարածքն իրենն է, ժամանակին կարիճներից ու օձերից է ազատել այն, կանաչապատել, իսկ հիմա էլ մտադիր է 10 միլիոն դոլարի ներդրում անել տարածքում` նորից ի շահ դավիթաշենցիների:
«Էնտեղ բիզնես է դրվում եւ դրվում է ի նպաստ դավիթաշենցիների: 350 աշխատատեղ է լինելու, մանկական ֆունկցիոնալ կենտրոն է կառուցվում իրեն շրջապատող մշտադալար այգիով… դա այգի չէր, դա իմ սեփական տարածքն է եղել, պարազապես ժամանակին ես ծառերով եմ հագեցրել, դիմացի ծառերը պահպանվում են, իսկ հատված ծառերը փոխարինվում են մշտադալար, ավելի թանկարժեք ծառերով», - վստահեցրեց պատգամավորը:
Իսկ հեռացված ծառերը, ըստ Գեւորգյանի, այն ծառերն էին, որոնք «հասարակության առողջության համար վտանգ էին ներկայացնում»:
«Էնտեղ կային բարդիներ, որոնք բամբակ էին արտադրում, տարածվում էին ամբողջ թաղամասով, ալերգիկ ֆոն էին ստեղծում», - ասաց նա:
Պատգամավորն ասաց, որ ամեն ինչ օրինական է, եւ Երեւանի քաղաքապետարանը նույնիսկ ողջունել է մանկական նման կառույց ստեղծելու գաղափարը, որը Գեւորգյանի խոսքով` նմանը չի ունենալու: