Այսօր երկու հայաստանցի մարզիկ մրցում է Լոնդոնում

Հունահռոմեական ոճի հայաստանցի ըմբիշ, Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը (աջից) թուրք մարզիկ Չենք Իլդեմի հետ մարտի ժամանակ, Լոնդոն, 7-ը օգոստոսի, 2012թ.

Լոնդոնի Օլիմպիադայում թաեքվոնդո եւ ազատ ոճի ըմբշամարտ մարզաձեւերում ելույթ կունենան 26-ամյա Արման Երեմյանը եւ 27-ամյա Միհրան Ջաբուրյանը։

Թաեքվոնդո

Թաեքվոնդոյի նախնական մրցաշարը սկսվում է Երեւանի ժամանակով ժամը 12։15-ին։ 80 կիլոգրամ քաշային կարգում հայտավորված հայաստանցի մարզիկը առաջին մարտը կանցկացնի Երեւանի ժամանակով ժամը 14։45-ին։

Արման Երեմյանի մրցակիցը 25-ամյա Սեբաստիեն Միշոն է Կանադայից։

80 կիլոգրամ քաշային կարգում Ռամին Ազիզովը Ադրբեջանից մրցելու է ամերիկացի Սթիվեն Լոպեսի հետ, Ռասուլ Աբդուրամը Ղրղըզստանից` իտալացի Մաուրո Սարմենտոյի հետ, իսպանացի Նիկոլաս Հեմե Գարսիան` իրանցի Յուսեֆ Քարամիի հետ, Ֆարխուդ Նեգմատովը Տաջիկստանից մրցելու է բրիտանացի Լուտալո Մուհամադի հետ, եգիպտացի Աբդելռահման Ահմեդը` հոլանդացի Թոմի Մոլեթի հետ, արգենտինացի Սեբաստիան Էդուարդո Քրիսմանիչը` նորզելանդացի Վո Սքոթի հետ, աֆղանստանցի Ահմադ Նեսար Բահավին էլ մրցելու է մարոկացի Իսամ Չերնուբիի հետ։

Նախնական փուլի մրցումների ավարտից երկու ժամ անց կմեկնարկեն թաեքվոնդոյի քառորդ եզրափակիչի, կիսաեզրափակիչների եւ բրոնզե մեդալների համար մարտերը, իսկ ուշ երեկոյան երկու լավագույն մարզիկները կպայքարեն ոսկե եւ արծաթե մեդալների համար։

Ազատ ոճի ըմբշամարտ

Այսօր իսկ հայտնի կդառնա Լոնդոնի Օլիմպիադայի չեմպիոնի անունը ազատ ոճի ըմբշամարտի 55 կիլոգրամ քաշային կարգում։ Այստեղ Հայաստանի Եռագույնի ներքո հանդես է գալիս 27-ամյա Միհրան Ջաբուրյանը։ Նրա մրցակիցը Նյու Յորքում ծնված

21-ամյա Բրանդոն Խեսուս Էսկոբար Ամադորն է Հոնդուրասից։

Ժամը 16։00-ին մեկնարկում են որակավորման, ապա` մեկ ութերորդ, մեկ քառորդ եւ կիսաեզրափակիչ մարտերը, երեկոյան էլ տեղի կունենա եզրափակիչը։

Ինչպես եւ հունահռոմեական ոճի մրցումներում, մարզիկները, ովքեր կպարտվեն կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ դուրս եկողներին, կստանան բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք։

Մրցապայքարի հենց այդ համակարգով է բրոնզե մեդալ վաստակել հունահռոմեական ոճի ըմբշամարտի 96 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը, ով հաղթել է կուբացի Յունիոր Ֆալկոն Էստրադային։

Երկրորդ բրոնզե մեդալն այդ քաշային կատեգորիայում ադրբեջանցի ըմբիշ Շալվա Գադաբաձեի հետ պայքարում վաստակել է Շվեդիայի ներկայացուցիչ Ջիմի Լիդբերգը։