Հայաստանի դիվանագետները շարունակում են աշխատանքը Սիրիայում

Սիրիա - Տեսարան մայրաքաղաք Դամասկոսի փողոցներից, 25-ը հուլիսի, 2012թ.

Հալեպում Հայաստանի հյուպատոսությունը գտնվում է համեմատաբար հանգիստ թաղամասում, ասում է ԱԳՆ-ի խոսնակը։
Սիրիայում Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունը շարունակում են իրենց աշխատանքը: Երկուշաբթի օրը այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Հայաստանի հյուպատոսությունը Հալեպում է, որտեղ վերջին օրերին սաստկացել են մարտերը իշխանության ու ապստամբների միջեւ: Բալայանն ասում է, որ հյուպատոսության շենքը գտնվում է համեմատաբար հանգիստ թաղամասում:

Հայաստանում Սիրիայի դեսպանության խորհրդական Մուհամադ Հոսամը, ով համարվում է երկրորդ մարդը սիրիական դիվանագիտական առաքելությունում, այսօր աշխատանքի չի ներկայացել, եւ դեսպանատունն էլ չի կարողանում կապվել նրա հետ, այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են Երեւանում Սիրիայի դեսպանատնից:

Ավելի վաղ «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը տեղեկություն էր տարածել, ըստ որի` Հայաստանում Սիրիայի հյուպատոս Մուհամադ Հոսամը հայտարարել է ընդդիմության կողմն անցնելու եւ նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը լքելու մասին։

Երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին հայաստանյան դիվանագիտական շրջանակներից հայտնի դարձավ, որ Հոսամը Երեւանից Դուբայ է մեկնել` Fly Dubai ավիաընկերության օդանավով։

Այդուհանդերձ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց արտգործնախարարության մամուլի քարտուղարը, սիրիացի դիվանագետներից որեւիցե մեկի հավատարմագրումը դադարեցնելու վերաբերյալ հայտագիր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը չի ստացել: