Միացյալ Նահանգները լավատես է Հայաստանի ընտրությունների հարցում

ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ռուբին, արխիվային լուսանկար

Միացյալ Նահանգները հույս ունի, որ Հայաստանում ավելի ազատ եւ արդար ընտրություններ կլինեն եւ ավելի բաց հասարակություն կձեւավորվի։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկ Ռուբինը Քարնեգի հիմնադրամում Հարավային Կովկասի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովի ժամանակ իր ելույթում։

Գալիք ընտրությունների մասին խոսելով` Ռուբինը ասել է, որ իրենք իրոք ոգեւորված են եւ կարծում են, որ Հայաստանի կառավարությունը պարզապես գեղեցիկ խոսքեր չի շռայլում, այլ հավատարիմ է ազատ եւ արդար, բաց գործընթաց սկսելուն եւ ընտրություններին իրական մրցակցություն ապահովելուն։

Շեշտելով, որ խոստումները ի կատար ածելը այստեղ ամենակարեւոր խնդիրն է, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը, այդուհանդերձ, բավական լավատեսությամբ է խոսել առաջիկա ընտրությունների մասին։

Ռուբինը ասել է, որ իրենք ոգեւորված են տարածաշրջանում ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման որոշակի նշաններ տեսնելով եւ այդ առումով կարեւոր են համարում առաջիկա տարիներին Հայաստանում եւ Վրաստանում սպասվող ընտրությունները։ Դրանք, ըստ նրա, լավ հնարավորություններ են` ամրապնդելու համար այն ձեռքբերումները, որ արդեն եղել են, եւ ցույց տալու համար, որ արդար եւ ազատ ընտրությունները այս տարածաշրջանում հնարավոր են։

Հայաստանի վերաբերյալ պետքարտուղարի փոխտեղակալը նշել է նաեւ, որ երկիրը ունեցել է տնտեսական զարգացում` չնայած խիստ անբարենպաստ պայմաններին, սակայն այժմ էլ բախվում է շատ լուրջ խնդիրների. մեծ է գործազրկության մակարդակը, ներմուծման եւ արտահանման համար շատ քիչ ճանապարհներ ունի։

Էրիկ Ռուբինը, ով Կովկասի հարցերով զբաղվում է 1989 թվականից, նշել է, որ նպատակները, որոնք հետապնդել է Միացյալ Նահանգները` կառուցելով իր հարաբերությունները հարավկովկասյան երեք երկրների հետ, շարունակում են մնալ ուժի մեջ։ ԱՄՆ-ի նպատակն է, ըստ նրա, որ երեք երկրները խաղաղ ապրեն իրենց հարեւանների հետ, կարողանան ինտեգրվել իրենց ընտրած աշխարհքաղաքական եւ տնտեսական դաշինքներին, պաշտպանել իրենց քաղաքացիների ազատությունը եւ զարգացնել իրենց տնտեսական պոտենցիալը։

Ռուբինը նշել է, որ թեեւ վերջին 20 տարիների ընթացքում Հարավային Կովկասը ունեցել է շատ դժվար ճանապարհ, ողբերգություններ, տնտեսական ծանր ժամանակներ, առաջընթացը ակնհայտ է։

Նա շեշտել է, որ բոլոր երեք երկրներում դեռ մեծ աշխատանք պետք է արվի տարբեր ոլորտներում, իսկ իրենք շարունակելու են ներգրավված մնալ գործընթացներում եւ անել հնարավորը` օգնելու համար։

Քարնեգի հետազոտական կենտրոնում տեղի ունեցած մեծ գիտաժողովին հրավիրված էին փորձագետներ հարավկովկասյան երեք երկրներից եւ հայտնի մասնագետներ Արեւմուտքից։