«Ոչ արժանահավատ ընտրությունների ռեսուրսը այլեւս սպառված է»

Վիկտոր Դալլաքյան

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, Ընտրական նոր օրենսգիրքն ամենեւին չի կարող ընտրությունները ազատ, արդար եւ միջազգային չափանիշներին համահունչ կազմակերպելու երաշխիք ծառայել:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատգամավորը հավելեց, որ, այդուհանդերձ, առաջիկա ընտրություններում նման շանս գոյություն ունի. - «Ես կարծում եմ, որ ե'ւ ժողովրդի ակտիվությունը, ե'ւ միջազգային հանրության սարթ վերաբերմունքը, ե'ւ ընդդիմության միասնական հանդես գալը, ե'ւ իշխանությունների կողմից խելամտության դրսեւորումը կարող են հիմք հանդիսանալ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները ազատ եւ արդար անցկացնելու համար: Խոսքը շանսի մասին է»:

Դալլաքյանը ձեռնպահ մնաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` բավականաչափ աղմկոտ ընթացքով ձեւավորված նոր կազմն ու ԿԸՀ-ի նախագահի վերընտրվելու հանգամանքը մեկնաբանելուց: Ընդամենը ասաց. - «Իսկ Հայաստանում կա որեւէ միամիտ մարդ, որը հավատում է, որ ընտրությունները կազմակերպվում են Ընտրական օրենսգրքով»:

«Ցավոք սրտի, Հայաստանի 20-ամյա պատմության ընթացքում տեղի են ունեցել այսպես կոչված հանձնաժողովային ընտրություններ: Այսինքն` հաղթել են նրանք, ովքեր հաշվել են ձայները», - հավելեց նա` շարունակելով. - «Հայաստանում համեմատաբար ազատ եւ արդար ընտրություններ անց են կացվել 1990 թվականին կոմունիստների հեղինակած վատ Ընտրական օրենսգրքով: Ցավոք, ժողովրդավարության ցածր մակարդակ ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, իրոք, անհրաժեշտ է իշխանության քաղաքական կամքը` ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար»:

Այն, որ ցանկության դեպքում Հայաստանում արդար ընտրություններ կազմակերպել, այնուամենայնիվ, հնարավոր է, Վանաձորից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Վիկտոր Դալլաքյանը հիմնավորեց սեփական օրինակով. - «Ես չորս անգամ Վանաձորում ընտրվել եմ Ազգային ժողովի պատգամավոր, եւ 2003 եւ 2007 թվականին իշխանական տեռորի պայմաններում վանաձորցիները ընտրել են ինձ»:

Անկախ պատգամավորը ասաց, որ դրական է գնահատում ՀԱԿ – իշխանական կոալիցիա քաղաքական երկխոսությունը. - «Առաջին եւ երրորդ նախագահները տիրապետում են շախմատի նրբերանգներին, եւ, ենթադրում եմ, որ շախմատային մեծ խաղատախտակի շուրջ ընթացող այս պարտիան կարող է դրական արդյունք ունենալ այն իմաստով, որ իշխանությունը հասկացել է, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում նա չի կարող չեզոքացնել Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության գործոնը: Իսկ ընդդիմությունը հասկացել է, որ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելը կարեւոր են, բայց դրանք արտահերթ չեն լինելու»:

Զրույցի վերջում Դալլաքյանը ասաց, թե «ոչ արժանահավատ ընտրությունների ռեսուրսը այլեւս սպառված է». - «Հայաստանը գտնվում է այն իրավիճակում արտաքին մարտահրավերների առումով, որ Հայաստանին օդի եւ ջրի նման անհրաժեշտ է լեգիտիմ իշխանություն»:

Your browser doesn’t support HTML5

«Ոչ արժանահավատ ընտրությունների ռեսուրսը այլեւս սպառված է»