Եվրամիությունը հետեւելու է Հայաստանում լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրության բարելավման ընթացքին

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Ժան-Քրիսթոֆ Գայրանդը (ձ) լրագրողների հետ հանդիպմանը:

«Ազատության եւ բազմակարծության արժեքները գտնվում են Հայաստանի հետ իրականացվող Արեւելյան գործընկերության ծրագրի հիմքում, եւ այդ առումով Եվրամիությունը ողջունում է Հայաստանի իշխանությունների հանձնառությունը` լրատվամիջոցների ազատ գործունեությունն ապահովող միջավայրը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հարցում», - ազդարարելով լրատվամիջոցների ազատությանը, պրոֆեսիոնալիզմի եւ բազմակարծության խթանմանը միտված Եվրամիության ու Եվրախորհրդի համատեղ ծրագրի մեկնարկի մասին` այսօր Երեւանում հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Ժան-Քրիսթոֆ Գայրանդը:

Օգտվելով հարմար առիթից` լրագրողները բազմաթիվ հարցեր ուղղեցին Եվրամիության ու Եվրախորհրդի ներկայացուցիչներին` կապված, մասնավորապես, լրատվամիջոցների ազատ գործունեության օրենսդրական երաշխիքների հետ:

Գնահատականներ կան, որ շատ հաճախ այդ նույն օրենսդրական բարեփոխումները մահակ են դառնում հայաստանյան լրատվամիջոցների գլխին` վտանգելով դրանց գոյությունն ընդհանրապես: Խոսքը, մասնավորապես, վերջին շրջանում մամուլի տարբեր միջոցների դեմ Հայաստանի դատարանների կայացրած աղմկահարույց վճիռների մասին է, որոնցով լրատվամիջոցները հարկադրված են լինում միլիոնավոր դրամների տույժ ու տուգանք վճարել իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորված համարող պաշտոնյաներին ու խոշոր ձեռներեցներին:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է վերաբերվում «Զրպարտության մասին» օրենքի ապաքրեականացմանն ու փոփոխված օրենքի գործնական կիրարկմանը, Եվրախորհրդի համագործակցության ծրագրերի խորհրդատու Լեյլա Դերվիշագիչը նախ նշեց, թե Եվրախորհուրդն ուրախ է եւ քաջալերում է այն, որ զրպարտությունը Հայաստանում ապաքրեականացվել է. - «Ես չեմ մեկնաբանի Հայաստանի դատարանների կայացրած վճիռները, սակայն, ցանկանում եմ ընդգծել, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը զրպարտությանը վերաբերող յուրաքանչյուր գործ ուսումնասիրելիս կարեւորում է հանգամանքը, որ տուգանքները լինեն համաչափ ու չլինեն չափազանց մեծ»:

Ներկաներից մեկի հնչեցրած նկատառմանը, թե, փաստորեն, բարոյական վնասի փոխհատուցման սկզբունքը Հայաստանում գործում է միայն լրատվամիջոցների դեմ, եւ ո'չ նրանց օգտին, Եվրախորհրդի փորձագետն արձագանքեց. - «Եվրախորհուրդը չի միջամտում ներքին օրենսդրությանը, սակայն մենք պատրաստ ենք փորձաքննություն կատարել, եթե իշխանությունների կողմից այդպիսի խնդրանք ներկայացվի` պարզելու համար, թե արդյոք ազգային օրենսդրությունը համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Որից հետո մենք հորդորում ենք երկրին հաշվի առնել Եվրախորհրդի փորձագետների հանձնարարականը»:

Այդուհանդերձ, Լեյլա Դերվիշագիչը հարկ համարեց հիշեցնել, որ Հայաստանը վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը վեր է անդամ երկրների օրենսդրությունից: Հետեւաբար, ըստ փորձագետի, Հայաստանի դատավորները, զրպարտությանն առնչվող գործերով վճիռներ կայացնելիս, կարող են անմիջապես հղում կատարել Եվրոպական դատարանի պրակտիկային:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Ժան-Քրիսթոֆ Գայրանդը, իր հերթին, հայտարարեց, որ Եվրամիությունը զգոնությամբ հետեւելու է Հայաստանում լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրության հետագա բարելավման ընթացքին:

Հիշեցնենք, օրերս հայաստանյան թերթերին դրամական խոշոր տույժերի ենթարկող դատավճիռների կապակցությամբ իր մտահոգությունն էր արտահայտել նաեւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը:

«Դրանք, կարելի է ասել, պատժիչ մեխանիզմներ են եւ մահացու են տվյալ թերթի համար», - ասել էր դեսպանը` հավելելով, թե այդպիսով փակվում են «լրատվական դաշտի առավել լիբերալ գործունեության հնարավորությունները»:

Your browser doesn’t support HTML5

Եվրամիությունը հետեւելու է Հայաստանում լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրության բար