Քադաֆիի բանագնացները բանակցություններ են վարել Մոսկվայում

Պաշտոնական Տրիպոլիի ներկայացուցիչները այսօր Մոսկվայում բանակցություններ են վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի ներկայացուցիչները համաձայնել են կատարել ՄԱԿԻ անվտանգության խորհրդի բանաձեւերի պահանջներն ու քննարկել Աֆրիկյան միության առաջարկած ճանապարհային քարտեզը: Սակայն նաեւ իրենց պահանջներն են առաջադրել. ՆԱՏՕ-ն պետք է դադարեցնի գրոհները, իսկ ապստամբները պետք է գնան զիջումների:

Բանակցությունների մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մանրամասնելով, որ Մոսկվան Լիբիայի իշխանություններից պահանջում է զինվորական ստորաբաժանումները հանել քաղաքներից, վերականգնել անվտանգության գոտիները եւ համագործակցել ՄԱԿ-ի հետ հումանիտար օգնությունը Լիբիայի ողջ տարածք հասցնելու հարցում:

Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով` այժմ կարեւոր է համաձայնեցնել հաշտեցման պայմաններն ու ժամկետները:

Մոտ ապագայում ակնկալվում է, որ Մոսկվա կժամանեն նաեւ Լիբիայի ընդդիմության ներկայացուցիչները:

Մինչ Մոսկվայում ընթանում են բանակցությունները, Լիբիայում շարունակվում են ռազմական գործողությունները: Ապստամբները գրոհում են Միսրաթա եւ Սիրթ քաղաքները, նրանք նաեւ առանց մարտի գրավել են Տավարգան: Օդային գրոհները շարունակել են նաեւ ՆԱՏՕ-ի ուժերը։

«Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը հայտնում է, որ Լիբիայից Թունիս է փախել Քադաֆիի նախարարներից եւս մեկը` նավթարդյունաբերության նախարար Շուքրի Գանեմը: Պաշտոնական Տրիպոլին չի հաստատում այս տեղեկությունը: Մարտի կեսերին Լոնդոն էր փախել Լիբիայի արտգործնախարար Մուսա Քուսան:

Լիբիայում հակակառավարական ցույցերը՝ Մուամար Քադաֆիի հրաժարականի պահանջով, սկսվեցին փետրվարի կեսից։ Դրանք վերաճեցին զինված հակամարտության Քադաֆիին հավատարիմ ուժերի եւ ընդդիմության միջեւ: