Մարտի 8-ի մամուլ

Ուշադրություն հրավիրելով վերջին շրջանում Եվրամիությունից եւ ԱՄՆ-ից Հայաստանի հասարակությանը հասցեագրված ազդանշանների վրա` «Ժամանակ»-ի խմբագրականը գնահատում է. - «Ըստ երեւույթին, ԱՄՆ-ը եւ Եվրոպան արդեն լիովին հասկացել են, որ, օրինակ, Հայաստանում իշխանությունը չի կարող իրենց համար լինել ժողովրդավարական արժեքների, քաղաքացիական արժեհամակարգի տարածման եւ ամրապնդման գործընկեր: Եվ այդ գիտակցումն է, թերեւս, ստիպել, որ նրանք, ըստ էության, գործընկերության կոչ անեն հասարակությանը` հանդես գալով քաղաքացիական մոդելների մասին առաջարկներով: Այլ կերպ ասած` կարծես թե նշմարվում են իշխանություններից ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հիասթափության ձնծաղիկները: Այժմ շատ կարեւոր է, որ Հայաստանում հասարակությունը նրանց նույնպես չհիասթափեցնի` որպես ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության գործընկեր: Բայց նաեւ շատ կարեւոր է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան էլ չհիասթափեցնեն Հայաստանի հասարակությանը եւ հավատարիմ մնան գործընկերային պարտավորություններին եւ հասարակության թիկունքում քաղաքական գործարքներ չկնքեն իշխանության հետ»:

«Հայոց Աշխարհ»-ն արձագանքում է նախագահներ Սարգսյանի, Աիեւի եւ Մեդվեդեւի` Սոչիում կայացած հանդիպմանը. - «Նման հանդիպման փաստն ինքնին վկայում է, որ միջնորդ երկրները, առաջին հերթին Ռուսաստանը շահագրգռված են խաղաղության պահպանման հարցում, անում են ամեն ինչ պատերազմի վերսկսումը կանխելու համար:
Եթե նայենք իրադարձությունների զարգացման ընթացքին, ապա ակնհայտ կդառնա, որ Ադրբեջանում ընթանում է պատերազմի լայն նախապատրաստություն՝ ահռելի քանակի սպառազինությունների ձեռքբերում, հոգեբանական պատերազմ, բնակչության քարոզչական «մշակում» եւ այլն։ Սպասելով հարմար պահին, Ադրբեջանը գիտակցում է նաեւ, որ սպառնալու եւ նահանջելու իր մարտավարությունը միջազգային հանրությանն աստիճանաբար «վարժեցնում է» պատերազմի հավանականությանը։ Այսինքն՝ տպավորություն է ստեղծում, թե պատերազմը հետաձգելով, Բաքուն «լավություն է անում» միջազգային հանրությանը։ Քաղաքական դետերի շրջանում համոզմունք է առաջանում, թե իբր միջազգային հանրության արգելանքը Բաքվին ագրեսիայից զերծ պահող հիմնական գործոնն է։ Այս համատեքստում Սոչիի հանդիպումը նման քաղաքականությունը շարունակելու պատեհ առիթ էր սոսկ, որի հետեւանքով ոչ միայն առաջընթաց չեղավ բանակցային գործընթացում, այլեւ Բաքուն հստակ պարտավորություններ չստանձնեց հրադադարի ռեժիմի պահպանման հարցում»։

«Մարտի 8-ը` խորհելու եւս մեկ թեմա մեր պետական այրերի համար» վերնագրի ներքո «Ազգ»-ը գրում է. - «Հայ կնոջ վերաբերյալ դատարկ գովերգներն է՛լ չեն ուտվում: Փառաց ճառերն այլեւս ծիծաղելի են: Ճոռոմ եւ պաթետիկ ձոներգերը սովետական անցյալ են ու դրանց մասին հիշելն անգամ ծիծաղ է հարուցում: Եվ ուրեմն` ի՞նչ խոսենք ու լսենք այսօր: Ի՞նչ խոսենք, որ նվնվոց չլինի, արժանապատվություն չվնասի ու միաժամանակ իր մեջ ունենա ողջ ներկապնակը հայ կնոջ հոգսի ու պարտավորության, որ քիչ չէ բնավ այս մեր դժվարին օրվա մեջ»: Թերթն ամփոփում է. - «Հատկապես մեր երկրի քաղաքական եւ տնտեսական ընթացքի համար պատասխանատու մարդկանց համար, շնորհավորանքի հերթապահ խոսքեր ասելու առիթ դառնալուց բացի` մարտի 8-ից ապրիլի 7 ժամանակը թող դառնա երեսծեծանք, մտորելու նյութ` ինչպե՞ս թեթեւացնել հայ կանանց, հայ մայրերի օրը, ինչպես օրվա կարիքը հոգալու նրանց ջանքը թույլ չտալ, որ տանջանքի վերածվի, ինչպես օգնել նրան` իրենց ջանքը վարձատրված տեսնելու համար: Ու մեր առաջարկը թող ոչ թե ինչ-որ ժպիտ շարժի, այլ հասարակական կյանքի պատասխանատու մեր այրերի մեջ առավել սրի պատասխանատվության զգացումը, ամեն բարձրաձայն խոսքն ասելուց առաջ` տասն անգամ մտածելու սովորույթը սրի, որպեսզի հերթական մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7 հայ կինը սարկազմով չմտածի տոնի խորհրդի մասին»:

«Առավոտ» թերթի խմբագրականից տեղեկանում ենք, որ անցած շաբաթ Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է «Արարատ» փակված հեռուստաընկերության ներկայացուցիչներին. - «Ինչպես հիշում եք, հունվարի 21-ին Հ1-ի պետական հաճախականությունը, որտեղ սփռվում էր «Արարատ»-ը, անսպասելիորեն զավթվեց Մայր Աթոռի կողմից, իսկ դրանից մոտ մեկ ամիս անց, հետին թվով, կառավարությունը ստեղծեց հոգեւոր-մշակութային ալիք` օրենքի ուժով ամրագրելու համար այդ զավթումը: Այդ ամենի հետեւանքով նախկին «Արարատ»-ի աշխատակիցների ճակատագիրը մշուշոտ դարձավ: Եվ ահա անցած շաբաթ Գարեգին Երկրորդը այդ աշխատակիցներին ասաց մոտավորապես հետեւյալը. «Ինչ արել եմ, լավ եմ արել, այդ ալիքն ինձ են տվել, եւ ես ինչ կուզեմ` կանեմ»: Թեեւ դա ավելի շուտ ինչ-որ ՍՊԸ-ի սեփականատիրոջ, ոչ թե Ամենայն հայոց կաթողիկոսի կեցվածք է, բայց քանի որ սկսվել է Մեծ Պահքի շրջանը, նման ծայրահեղ ամբիցիոզ եւ ոչ հեզ վարքի համար Վեհափառին պետք է քրիստոնեաբար ներել»:

Your browser doesn’t support HTML5

Մարտի 8-ի մամուլ