Ղարաբաղյան հակամարտությունը Եվրամիության համար ավելի ու ավելի լուրջ հարց է դառնում

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին չի բացառում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը:

Հայաստանյան մի քանի լրագրողներին տված իր հրաժեշտի հարցազրույցում Փիթեր Սեմնեբին, ով այդ պաշտոնում իր վերջին այցն է կատարել տարածաշրջան, այսօր ափսոսանքով փաստեց, որ թեեւ իր պաշտոնավարման տարիներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում նկատվեց փոքր առաջընթաց, բայց էական տեղաշարժ այդպես էլ չգրանցվեց:

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի գնահատմամբ, Եվրամիության համար ղարաբաղյան հակամարտությունը ավելի ու ավելի լուրջ հարց է դառնում:

Իր առաքելությունն ավարտող դիվանագետը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ներկա իրողությունների համատեքստում չբացառեց ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը:

«Երբ հրադադարը կարգավորված չէ, երբ տեղի են ունենում սահմանային միջադեպեր, զոհվում են մարդիկ, դա բավական լուրջ է, եւ որեւէ մեկը չի կարող բացառել, որ իրավիճակը դուրս չի գա վերահսկողությունից ու հետագա սրացման տեղիք չի տա` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածաշրջանում շարունակվում է սպառազինությունների մրցավազքը: Սրանք խնդիրներ են, որոնք ապակայունացնող ազդեցություն են ունենում, եւ լրջորեն մտահոգում են Եվրամիությանը», - ասաց Փիթեր Սեմնեբին:

Այս պահին Եվրամիությունը քննարկում է Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի ինստիտուտն այլ կառույցով փոխարինելու հնարավորությունը:

«Ես հավատում եմ, որ Եվրամիությունը շարունակելու է իր տեսանելի ներկայությունն ունենալ այս տարածաշրջանում եւ այդ ներկայությունը ներառելու է բոլոր այն հարցերը, որոնց հետ ես առնչվում եւ աշխատում էի վերջին տարիներին», - այս առնչությամբ լրագրողներին ասաց Փիթեր Սեմնեբին` նշելով, որ դեռեւս չի կարող ասել, թե Եվրոպայի ներգրավվածությունը կազմակերպական ինչ ձեւերով է արտահայտվելու:

Դիվանագետը հետեւյալ ամփոփիչ գնահատականը տվեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի գործունեությանը. այն, ըստ եվրապաշտոնյայի, էական նշանակություն է ունեցել տարածաշրջանի վերաբերյալ Եվրոպայի տեղեկացվածության առումով: Իսկ դա, մասնավորապես, նշանավորվել է հարավկովկասյան 3 հանրապետությունների հետ անցած տարի Ասոցիացման պայմանագրի բանակցությունների մեկնարկով:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքին, մասնավորապես` ընդդիմության պնդումներին, որ բանտերում դեռեւս կան քաղբանտարկյալներ, եւ Եվրոպան աչք է փակում այդ իրողության վրա, Եվրամիության ներկայացուցիչը արձագանքեց. - «Մենք աչք չենք փակում 2008-ի հետմարտյան իրադարձությունների վրա: Դա հարց է, որը հաստատունորեն մնում է մեր օրակարգում: Բայց աչք փակելու փոխարեն մենք խորհուրդ կտայինք փակել այդ էջը, այն թողնելով անցյալում, իհարկե, այդ ուղղությամբ որոշ քայլեր անելով, որոնք օգտակար կլինեին դրա համար»:

Այդպիսի քայլերի շարքում Սեմնեբին առանձնացրեց, արդեն իսկ կատարվածը` հետմարտյան իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ հայտնված ընդդիմադիր անձանց մեծամասնությունն արդեն, իսկ ազատ է արձակվել: