Լիբիայի նախագահը սպառնացել է երկիրը «մաքրել» ցուցարարներից

Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին իր վերջին հեռուստաելույթի ժամանակ

Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին, ում հրաժարականը պահանջող ցույցերն ու արյունալի բախումները շարունակվում են արդեն 8 օր, կոչ է արել իր կողմնակիցներին փողոց դուրս գալ եւ պատասխան հարված հասցնել իշխանության դեմ պայքարողներին:

Երկուշաբթի երեկոյան ունեցած հեռուստաելույթում Քադաֆին հայտարարել է, որ հրաժարական չի տա, պատրաստ է մինչեւ արյան վերջին կաթիլը պայքարել եւ մեռնել Լիբիայում որպես նահատակ:

«Քադաֆին չի կարող թողնել իր պապի աճյունը Մուրգուբում, վերջում Քադաֆին կմեռնի որպես նահատակ», - ասել է Լիբիայի նախագահը:

Խոսելով իր մասին երրորդ դեմքով` Քադաֆին ընդգծել է, որ չի լքի իր պաշտոնն ու չի հեռանա Լիբիայից, քանի որ ոչ թե նախագահ է, այլ «լիբիական հեղափոխության առաջնորդը, բեդվին-ռազմիկ, որ երկիրը փառքի է հասցրել»:

Քադաֆին հայտարարել է, որ դեռ հրաման չի տվել օգտագործել ռազմական փամփուշտներ, սակայն շեշտել է, որ երբ անհրաժեշտ լինի, նա այդ հրամանը կտա եւ այդ ժամանակ ամեն ինչ կկործանվի: Նա կոչ է արել ցուցարարներին տուն գնալ, այլապես սպառնացել է որ կսկսեն տուն առ տուն մաքրել Լիբիան ցուցարարներից:

Նա ցույցերը կազմակերպողներին անվանել է` առնետներ եւ վարձկաններ, ճանապարհից շեղված երիտասարդներ, ում թմրանյութ եւ փող են տվել ոստիկանության եւ կառավարական շենքերի վրա հարձակվելու համար, եւ կոչ է արել իր կողմնակիցներին դուրս գալ փողոց եւ պատժել նրանց:

Այդ հայտարարությունն արդեն արձագանքների է արժանացել: ՄԱԿ-ում Լիբիայի փոխդեսպան Իբրահիմ Դաբաշին ասել է, որ Քադաֆիի ելույթը ցույց է տալիս հուսահատ ղեկավարի, ով ցուցարարներին առնետներ անվանելով ` կոչ է անում ցեղասպանություն իրականացնել իր հակառակորդների նկատմամբ:

«Ժողովուրդը զինված չէ, եւ կարծում եմ` Քադաֆիի հայտարարությունը հրահանգ էր իր համակիրներին` սկսել ցեղասպանություն Լիբիայի ժողովրդի դեմ», - ասել է Դաբաշին:

Խնդրին անդրադարձել է նաեւ Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին, ով ասել է, թե Քադաֆիի հայտարարությունը քաղաքացիական պատերազմի իրավիճակ է ստեղծում երկրում:

Համաձայն Իտալիայի արտգործնախարարության տվյալների` անկարգությունների հետեւանքով Լիբիայում զոհվել է շուրջ 1000 մարդ: Ֆրատինին հայտարարել է, թե 1000-ի հասնող զոհերի մասին տեղեկատվությունը իրենք հավաստի են համարում:

Մինչդեռ այսօր Լիբիայի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է առաջին պաշտոնական տվյալները հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվածների վերաբերյալ: Ըստ այդ տեղեկատվության` զոհվել է 308 մարդ, այդ թվում 197 քաղաքացիական անձ եւ 111 զինվորական: Ընդդիմությունն ու հումանիտար կազմակերպություններն այլ թվեր են ներկայացնում ` պաշտոնականից` 2-3 անգամ ավելի:

Այս տեղեկատվությունը ստուգելը գրեթե անհնար է, քանի որ միակ աղբյուրը տեղի բնակիչներն են, արտասահմանցի լրագրողների աշխատանքն արգելված է Լիբիայում: Այդ երկրում իրավիճակը արտացոլում են հիմնականում բջջային հեռախոսով արված կադրերը, ականատեսները հայտնում են տանկերի եւ ռազմական ուղղաթիռների եւ մերթընդմերթ հնչող կրակահերթերի, փողոցում ընկած դիակների եւ շարունակվող բռնությունների մասին:

Այսօր հայտնի է դարձել, որ Լիբիայի ներքին գործերի նախարարը` Աբդել Ֆաթահ Յունիս Ալ Աբիդին, որը Քադաֆիի մերձավոր աջակիցներից մեկն է, երեկ հայտարարել է իր հրաժարականի մասին եւ կոչ է արել ոստիկանությանն ու զինված ուժերին անցնել ցուցարարների կողմը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ երեկոյան արտահերթ նիստի ընթացքում դատապարտել է Լիբիայի իշխանություններին ցուցարարների դեմ բռնի ուժի կիրառման համար եւ կոչ է արել պատասխանատվության կանչել զոհերի պատասխանատուներին:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւս պահանջել է Եվրամիությունից անհապաղ պատժամիջոցներ կիրառել Լիբիայում տեղի ունեցող բռնություններում մեղավորների նկատմամբ: Քադաֆիի գործողությունները դատապարտել է նաեւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Արաբական երկրների լիգան արտահերթ նիստի ժամանակ որոշել է զրկել Լիբիային նիստերին մասնակցելու իրավունքից, քանի դեռ երկրի իշխանությունները չեն դադարեցրել ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ:

Մահմեդականների համաշխարհային խորհրդի նախագահ Շեյխ Յուսուֆ Ալ Քարդավին կրոնական կոչ է հրապարակել, այսպես կոչված,« ֆաթվ», որում ասվում է, որ Մուամար Քադաֆին մահվան է արժանի իր ժողովրդի դեմ կատարած հանցագործության համար: