Փետրվարի 19-ի մամուլ

«Ժամանակ»-ը գրում է. - «Տեւական ընդմիջումից հետո տրված մեկնարկը տպավորիչ էր: Կոնգրեսի հանրահավաքը բավական բազմամարդ էր, իսկ դրանից հետո տեղի ունեցած երթը` առավել քան տպավորիչ: Այդպիսով, հանրահավաքն ու երթը փաստեցին, որ չնայած ընդմիջմանը եւ այդ ընթացքում ընդդիմադիր դաշտում ներկայացված որոշ հայտերին, Հայ ազգային կոնգրեսը շարունակում է մնալ ընդդիմադիր դաշտի աներկբա առաջատարը: Սակայն, դրանից բացի, հասարակությանն, իհարկե, հետաքրքրում էր, թե ինչ տրամադրությամբ է Կոնգրեսը վերսկսում հանրահավաքները, եւ ամենակարեւորը` ինչ մտադրություններով եւ ծրագրերով: Այդ տեսանկյունից հանրահավաքը «շռայլ» չէր եւ ավելի շատ հիշեցնում էր «նախավարժանք» մարտի 1-ի հանրահավաքից առաջ, որն, ըստ Կոնգրեսի առաջնորդների, լինելու է շատ ավելի մեծ»:

«Հրապարակ» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Հանրահավաքը կայացավ եւ, ըստ անաչառ հաշվարկների, մասնակիցների ավելի փոքր թիվ չուներ, քան նախորդը: Չնայած դա չխանգարեց, որ ոստիկանությունը հաղորդագրություն տարածի եւ նշի, որ «հանրահավաքին մասնակցել է 5-6 հազար մարդ»: Ինչը նշանակում է, որ իշխանությունը չի հրաժարվում պրիմիտիվ մեթոդներով քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու սովորույթից: Հասկանալի է, որ այս թվերը հրապարակում են` անտեղյակների վրա տպավորություն գործելու համար, բայց չէ որ Հայաստանը փոքր երկիր է, եւ ոստիկանության խոսքի ու գործի նկատմամբ էլ առանձնապես մեծ վստահություն տածողներ կարծես թե չկան»:

«Սոցիալական բունտը գեշ խասիաթ ունի. այն տեսանելի է դառնում միայն տեղի ունենալուց հետո: Սոցիալական պայթյունի օրը նույնքան ծածուկ ու անակնկալ է, որքան ահեղ դատաստանի օրը, իսկ Սերժ Սարգսյանի մուբարաքացումն ընդամենը ժամանակի հարց է», - Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից այս հատվածն է մեջբերում «Չորրորդ ինքնիշխանություն»-ը եւ գնահատում. - «Այս հայտարարությամբ, կարծում ենք, շատ բան է ասված: Տեր-Պետրոսյանի կանխատեսումներն արագ են իրականանում, սպասենք ուրեմն հետաքրքիր զարգացումների: Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքը վերջին հանրահավաքից 5 անգամ ավելի բազմամարդ էր: Սա ոգեւորում էր ե՛ւ հարթակում կանգնած ընդդիմության լիդերներին, ե՛ւ ժողովրդին: Երեկվա հանրահավաքն ապացուցեց, որ Հայաստանի պայքարող քաղաքացիների թիվը ոչ միայն չի նվազել, այլեւ դեռ մի բան էլ` այս ամիսների ընթացքում հնգապատկվել է, իսկ սա արդեն լուրջ ազդանշան է»:

«168 ժամ»-ը գրում է. - «Բազմահազար քաղաքացիների մասնակցությունը հիշեցնում էր ՀԱԿ-ի` ակտիվ ժամանակաշրջանի հանրահավաքները: Հենց մասնակիցների քանակն էլ կարելի է համարել երեկվա հանրահավաքի միակ «ուղերձը», որն ավելի արտահայտիչ դարձրեց այն իրողությունը, որ Հայաստանում դժգոհության ալիքը գնալով ավելանում է` ընդհուպ իրական իշխանափոխություն իրականացնելու աստիճանի: Սակայն երեկվա հանրահավաքում, բացի հեղափոխական ելույթներից, այդ գոհությունը սպասարկելուն ուղղված որեւէ կոնկրետ գաղափար, գործողության ծրագիր չառաջարկվեց»:

«Երկիր» օրաթերթը շարունակում է մատնանշել կոալիցիոն նոր հուշագրի վնասակարությունը: Թերթում կարդում ենք. - «Կոալիցիոն հայտարարության ստորագրմամբ, իշխանությունը հասարակության հետ իր հարաբերություններում այսօրվա ստատուս քվոն պահպանելու եւ այն հանրությանը պարտադրելու խնդիր է լուծում: Իսկ հանրության մեծամասնությունը չի ուզում համակերպվել դրա հետ ու հաշտվել ավելի ու ավելի անտանելի դարձող իրականության հետ: Լուրջ, խորքային փոփոխությունների հասարակական դեռ չամբողջացած պահանջ կա: Մինչդեռ, իշխանությունը ոչ թե արձագանքում է դրանց, այլ պարփակվում ինքն իր մեջ, թաքնվում կոալիցիոն խոցելի, խարխուլ պարիսպների ետեւում` ավելի ու ավելի օտարվելով սեփական ժողովրդից»:

Կոալիցիոն նոր հուշագրին առնչվող հարցեր են շոշափվում նաեւ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի` «Հայոց աշխարհ» թերթին տված հարցազրույցում: Լրագրողը հարցնում է. - «Այսօր, երբ ՀՀԿ-ԲՀԿ «հակասությունների» թնջուկն այլեւս լուծված է, շատերն իրենց հարց են տալիս. ինչի՞ համար էր այս ամբողջ աղմուկը, եթե «Բարգավաճ Հայաստանը» ընդհանրապես խնդիր չէր դրել վերանայելու հարաբերությունները կոալիցիոն գործընկերների հետ»։ Պատասխան. - «Մի բան կարող եմ ասել` այդ աղմուկի ստեղծմանը, զարգացմանը եւ տարածմանը ԲՀԿ-ն որեւէ կերպ չի միջամտել։ Եթե նկատել եք, այս ընթացքում, երբ որոշ լրատվամիջոցներ անընդհատ փորձում էին սեփական սցենարները դնել շրջանառության մեջ, անգամ ուղղորդել ինչ-ինչ գործընթացներ, «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները, կուսակցության նախագահի հանձնարարությամբ, իրենց պահել են շատ զուսպ, որեւէ տեսակետ չեն հայտնել, որեւէ մասնակցություն չեն ունեցել մամուլի հյուսած ինտրիգներին։ Նախօրեին ընդունված հայտարարությունը ցույց տվեց, որ մեր որդեգրած մարտավարությունը ճիշտ էր։ Իսկ եթե խոսքը վերաբերում է նրան, թե ինչու գործընթացը ձգձգվեց, կարծում եմ, սա եւս բնական է։ Ի վերջո, միշտ էլ ասվել է, որ կոալիցիայում ներկայացված են տարբեր քաղաքական ուժեր, որոնք կարող են տարբեր մոտեցումներ ունենալ, երկխոսություն, քննարկումներ ծավալել այս կամ այն խնդրի շուրջ»: