Ռուսական մամուլը հրապարակում է «Դոմոդեդովո»-ի ահաբեկչի անունը

Ռուսաստան - Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը պայթյունից հետո, 24-ը հունվարի, 2011թ.

Ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ պարզվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի ինքնասպան ահաբեկչի ինքնությունը, իսկ մամուլին հայտնի է դարձել նրա անունը. նախնական տվյալներով` հունվարի 24-ի ահաբեկչությունն իրականացրել է Ինգուշեթիայի 20-ամյա բնակիչ Մուհամեդ Եվլոեւը:

Այս տեղեկությունն առաջինը հայտնել է Life News ինտերնետային պարբերականը:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրները, տեղեկացնում է, որ Եվլոեւի ազգականներից, ովքեր բնակվում են Ինգուշեթիայի Ալի Յուրտ գյուղում, վերցվել են ԴՆԹ-ի նմուշներ եւ ուղարկվել Մոսկվա` փորձաքննության: Ստացված նախնական տվյալների համաձայն` հունվարի 24-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում հենց Եվլոեւն է գործի գցել պայթուցիկ սարքը:

Ո'չ Ինգուշեթիայի ուժային կառույցները, ո'չ տեղի իշխանությունները առայժմ չեն հաստատում, սակայն չեն էլ հերքում այս տեղեկությունները:

Life News ինտերնետային պարբերականի տեղեկություններով` Մուհամեդ Եվլոեւը անցած տարվա սեպտեմբերին մեկնել է գյուղից` ծնողներին ասելով, որ գնում է Կրասնոդար` աշխատելու: Դրանից հետո ոչ ոք նրան չի տեսել:

Հինգշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության դաշնային ծառայության եւ Քննչական կոմիտեի ղեկավարների հետ, որը վերաբերել է «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչության հետաքննությանը:

Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել է, որ քննությունը պարզել է ահաբեկչության կազմակերպչին, նրա եւ մի շարք այլ անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Բորտնիկովը նաեւ հավելել է, թե հաստատվել է, որ ահաբեկչությունն իրականացրել է Հյուսիսային Կովկասի 20-ամյա մի բնակիչ, եւ որ նա եղել է ուժեղ թմրամիջոցների ազդեցության տակ:

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հունվարի 24-ին տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել է 36 մարդ, հիվանդանոցներում մինչ այժմ մնում են 109 հոգի, որոնցից 3-ը ծանր վիճակում են: