Մոհամեդ Էլ-Բարադեյ. «Հետդարձի ճանապարհ չկա»

Հոսնի Մուբարաք (ձախից) եւ Մոհամեդ Էլ-Բարադեյ

Հակակառավարական բողոքի ցույցերի վեց օրերի ընթացքում առաջին անգամ անցած գիշեր արտակարգ իրավիճակ է հայտարարվել Եգիպտոսի ողջ տարածքում:
Չնայած դրան` հանրահավաքները շարունակվել են Եգիպտոսի քաղաքներում: Մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակում հավաքված ցուցարարները կոչ են արել ընդդիմադիր գործիչ Մոհամեդ Էլ-Բարադեյին ժամանակավոր կառավարություն ձեւավորել:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավարը օրերս է վերադարձել Եգիպտոս եւ ստանձնել բողոքի ակցիաների ղեկավարությունը: Կիրակի օրը Էլ-Բարադեյը հանրահավաքում հայտարարել է, որ հետդարձի ճանապարհ չկա, եւ որ իրենց գլխավոր պահանջն է` գոյություն ունեցող ռեժիմը տապալել եւ նոր փուլ սկսել Եգիպտոսի համար:

Երկրի անվտանգության ուժերը փորձում են քաղաքներում վերականգնել կարգուկանոնը:

Երեկվա դրությամբ հայտնի էր, որ ձերբակալվել են շուրջ 3 հազար հոգի` թալանչիներ եւ Եգիպտոսի բանտերից փախուստ կատարած բանտարկյալներ:

Եգիպտոսի իշխանությունները փորձում են մեղմել իրավիճակը: Մասնավորապես, Եգիպտոսի Ազգային ժողովի խոսնակ Ահմեդ Ֆաթհի Սուրուրը կիրակի օրը հայտարարել է, որ 2010 թվականի վերջին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները կվերանայվեն: Պաշտոնական արդյունքներով` խորհրդարանական ընտրություններում վստահ հաղթանակ էր տարել իշխող Ազգային ժողովրդավարական կուսակցությունը: Ընդդիմությունը այդ ընտրությունները համարել էր կեղծված եւ ապօրինի:

Ավելի վաղ, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, որի հրաժարականն է ցուցարարների գլխավոր պահանջը, հայտարարել էր կառավարությունը արձակելու մասին:

Կիրակի օրը արձագանքելով Եգիպտոսում ընթացող իրադարձություններին` Արեւմուտքը անհրաժեշտ է համարել ժողովրդավարական ընտրությունների անցկացումը եւ մտահոգություն է հայտնել երկրում ծայրահեղականների իշխանության գալու հնարավորության կապակցությամբ:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է հայտնվել ծայրահեղականների ձեռքում, եթե երկրի նախագահը հրաժարվի ժողովրդավարական փոփոխություններից:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ, անկասկած, իրենց համար մտահոգիչ են «Մահմեդական եղբայրություն» ծայրահեղական արգելված կուսակցության` կառավարությունում հայտնվելու հեռանկարները: Բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել էր, որ Եգիպտոսի ներքաղաքական գործընթացների վրա իրենք չեն կարող ազդել:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, կիրակի օրը 5 հեռուստաալիքների տված հարցազրույցում մեկնաբանելով արդեն գրեթե մեկ շաբաթ Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները, նույնպես հայտարարել է, որ Եգիպտոսում քաոսային վիճակը ոչ ոքի ձեռնտու չէ, եւ որ անհրաժեշտ է խաղաղ անցում ժողովրդավարության:

«Մենք ցանկանում ենք այնտեղ տեսնել ազատ եւ արդար ընտրություններ եւ կարծում ենք, որ դա կլինի այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների արդյունքներից մեկը», - ասել է Քլինթոնը: - «Ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկն ուզում է այնտեղ տեսնել անկայունություն, քաոս եւ շարունակ աճող բռնություն: Մենք ցանկանում ենք կանոնակարգված անցում տեսնել ժողովրդավարական կառավարմանը եւ տնտեսական բարեփոխումներին»:

«Արդյոք Մուբարաքին կհաջողվի՞ պահել իշխանությունը» հարցին Քլինթոնը պատասխանել է, որ դա պետք է որոշի Եգիպտոսի ժողովուրդը, եւ հավելել, թե իրենք կողմ են, որ կառավարությունը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եւ ընդդիմությունը ակտիվորեն երկխոսություն սկսեն` որոշելու համար այն ուղղությունը, որով պետք է ընթանա երկիրը:

«Այժմ ժամանակն է շարժվել դեպի համազգային երկխոսություն, կոնկրետ քայլեր ձեռնարկել խաղաղ հանրահավաքների համար քաղաքական դաշտ ապահովելու համար եւ խաղաղ ընդդիմություն ձեւավորելու համար, որը ցանկանում է օգնել աշխատելու ավելի լավ ապագայի համար: Դա ենք մենք ցանկանում տեսնել», - ասել է Քլինթոնը, հավելելով, որ իրադարձությունների` իրենց համար առավել անբարենպաստ զարգացում կլինի, եթե իշխանության գա ծայրահեղ իսլամական կառավարություն:

Միացյալ Նահանգների պետքարտուղարը նաեւ հայտարարել է, որ Բարաք Օբամայի վարչակազմը դեռեւս չի քննարկում Եգիպտոսին ամենամյա ֆինանսական օգնությունից զրկելու հարցը, որը կազմում է շուրջ 1.5 միլիարդ դոլար: