Վիքիփեդիան` ինտերնետային ազատ հանրագիտարանը 10 տարեկան է

Ինտերնետային ամենահայտնի հանրագիտարանը` Վիքիփեդիան, գոյություն ունի արդեն 10 տարի:

2001 թվականի հունվարի 15-ից հայտնվելով համացանցում` «Բարեւ, աշխարհ» արտահայտությամբ, Վիքիփեդիան այսօր աշխարհում զբաղեցնում է 5-րդ տեղը` կայքի այցելուների թվով: Կայքում 26 միլիոն հոդված կա, որոնց վրա աշխատում են մոտ 100 հազար կամավոր հեղինակներ ողջ աշխարհում: Ամսական կայք է այցելում 440 միլիոն մարդ:

Վիքիփեդիան ազատ հանրագիտարան է: Դա նշանակում է, որ հոդվածի հեղինակ կարող է դառնալ յուրաքանչյուր ոք: Գիտելիքի վիրտուալ այս շտեմարանն այժմ գործում է 260-ից ավելի լեզուներով` դրանց թվում կան նաեւ մեռած եւ արհեստական լեզուներ, բարբառներ:

Հայերեն Վիքիփեդիան հիմնադրվել է 2004 թվականին: Նախապես հայերեն տարբերակում հոդվածներ էին տեղադրում ընդամենը 3 հեղինակ, մինչդեռ այսօր գրանցված հեղինակների թիվը հասնում է 10 հազարի:

Վիքիփեդիայի հայերեն տարբերակն ունի 6 ադմինիստրատոր, ովքեր հետեւում են կայքում կարգուկանոնի պահպանմանը:

«Վիքիփեդիայի ստեղծման շարժառիթը, երեւի, ցանկությունն էր, որ հայերեն լեզվով հանրագիտարան լինի, մանավանդ, որ մեր վերջին հայերեն հանրագիտարանի հրատարակումից անցել է 30-40 տարի», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց հայերեն Վիքիփեդիայի ադմինիստրատորներից մեկը` տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Ալեքսեյ Չալաբյանը:

Գիտելիքների հայատառ շտեմարանում այժմ ավելի քան 12 հազար հոդված կա: Դա, բնականաբար, քիչ է, ասում է Ալեկսեյ Չալաբյանն ու մանրամասնում. - «Պատճառը երեւի կամավորական աշխատանքի մշակույթի բացակայությունն է: Եթե չկա ինչ-որ օգուտ, մարդիկ այդքան էլ հետաքրքրված չեն մասնակցելու, ժամանակ ծախսելու: Նաեւ հայերեն լեզվի ոչ բավարար իմացությունն է. հատկապես այն մարդիկ, որոնք դա կարող էին անել` ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, նրանք գրավոր հայերենին այնքան էլ լավ չեն տիրապետում եւ ուղղակի չեն մասնակցում»:

Ինչ վերաբերում է Վիքիփեդիայում հրապարակվող տեղեկատվության արժանահավատությանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանկացած մարդ կարող է փոփոխություններ կատարել եղած հոդվածներում, Ալեքսեյ Չալաբյանն ասում է` լինում է ե՛ւ ապատեղեկատվություն, ե՛ւ գովազդային հրապարակումներ, եւ եղած հոդվածները փչացնելու փորձեր, սակայն Վիքիփեդիայում ինքնակարգավորման մեխանիզմները շատ լավ են գործում, մասնակիցները իրենք արագ նկատում են եւ ուղղում այն, ինչ սխալ է:

«Չնայած Վիքիփեդիան շատ հեշտ խմբագրվում է, ինքը նաեւ շատ հեշտ վերականգնվում է: Այսինքն` եթե ինչ-որ մեկը փորձում է ինչ-որ բան փոփոխել, ինքը ավելի շատ ջանք է ծախսում, քան նա, ով փորձում է ետ շրջել», - պարզաբանեց Ալեքսեյ Չալաբյանը: